Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աբովյանի ընտրությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» դասեր կքաղի. «Իմ քայլ»-ի պատգամավոր (տեսանյութ)

 Աբովյանի քաղաքապետի  ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը գործընթաց է,որը բնական է   ժողովրդավար երկրներում: Ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ միաժամանակ,սակայն, ընդգծում, որ այս ընտրությունից  ՔՊ-ն դասեր կքաղի։

«Գուցե պետք էր ավելի ակտիվ կազմակերպել նախընտրական քարոզչությունը: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում: Կարծում եմ՝ ՔՊ-ն մարզերում պետք է տարածքային ուժեղ կառույցներ ունենա, որպեսզի  դրանք ոչ միայն քարոզչության ընթացքում աշխատեն քաղաքացիների հետ, այլև անընդհատ, որպեսզի հետագայում ապահովենք մեր հաջողությունը», - «Ա1+»-ին ասաց պատգամավորը:

Այնուամենայնիվ, ըստ նրա՝ սարսափելի բան տեղի չի ունեցել ոչ իշխանական  ներկայացուցչի հաղթանակով:

Հարցին, թե սա իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար ձախողո՞ւմ  էր, Սարգիս Խանդանյանն ասաց.

«Չեմ կարծում, թե սա ՔՊ-ի համար ձախողում  էր։ Սա տեղային պարտություն էր, որը չեմ կարող պրոյեկտել ամբողջ քաղաքական ուժի համար»: