Եկամտային հարկի համահարթեցման քաղաքականության հետևանքով եկամուտների բևեռվածություն է լինելու. ՀՅԴ-ական (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկամտային հարկի համահարթեցման քաղաքականության հետևանքով եկամուտների բևեռվածություն է լինելու: Մենք պետք է բացառենք նման հարկային օրենսդրության ընդունումը: Սա տանելու է սոցիալական դժգոհության, եթե ոչ հիմա, ապա մի քանի տարի հետո. անդրադառնալով հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
«Եկամտային հարկի համահարթեցմամբ կառավարությունը փորձում է ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, քանի որ 2022 թվականից արդեն 500 հազար դրամ ավել աշխատավարձ ստացողները ոչ թե 5 տոկոս են վճարելու, այլ 10 տոկոս: Այս դեպքում տեղի է ունենում հետևյալը՝ պետությունը առաջարկում է 8 տոկոսով նվազեցնել եկամտային հարկը 10 տոկոսով հետագայում կուտակային վճարները ավելացնելու պայմանով»:
Սուրեն Պարսյանի կարծիքով համահարթեցման ընթացքում պետական բյուջեում եկամուտները նվազելու են 27-37 մլրդ դրամի չափով, իսկ այդ բացը, ըստ նրա, առաջարկվում է լրացնել ի հաշիվ հասարակության անդամների ակցիզային հարկի դրույքաչափերը և պետական տուրքերը բարձրացնելով:
«Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժման համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը նշում է, որ այս նախագիծը հարվածում է ցածր եկամուտ ունեցողներին, իսկ մեր երկրում ցածր եկամուտներ ունեցողների թիվը մեծ է: Քրիստինե Վարդանյանի կարծիքով նախագծի ընդունումից հետո բնակչության սոցիալական կենսամակարդակն ընկնելու է:
«Այս նախագիծը կառավարությունում անցած տարվանից կար և կառավարությանը տարբեր մասնագետների կողմից ասվել է, որ սխալ ճանապարհ է, բայց, քանի որ կա քաղաքական որոշում, այս նախագծից չեն ուզում հետ կանգնել: Նախագծի պնդողները մարդիկ են, որոնք անմիջական շահ ունեն, կամ էլ հին համակարգից եկող մարդիկ են»: