Բացել լրահոսը Փակել լրահոսը
HYD
A A
Քաղաքականություն

Քոչարյան-ՀՅԴ համագործակցության հարց օրակարգում չկա. ՀՅԴ գործիչ

Մենք խիստ մտահոգված ենք երկրում իրականացվող քաղաքականությունից, տնտեսական քաղաքականությունից, ինստիտուցիոնալ քաղաքականությունից, ինչպես նաև Արցախի հարցում վարվող քաղաքականությունից. Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ գործիչ, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած 100 փաստերին՝ Խաչատրյանն ասաց, որ այդ փաստերը նույնպես լրջանալու կոչ անելու հիմք են դարձել։ Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասել է, որ «Իմ քայլ»-ին դեղին քարտ է ցույց տալիս մի ուժ, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել, ՀՅԴ գործիչը պատասխանեց, որ դաշնակցությունը  մի ուժ է, որ կերտել է Հայաստանի Հանրապետությունը և կանգուն է 130 տարի։

«Հետաքրքիր կլինի, թե 3 տարի հետո իր քաղաքական ուժը որտեղ կլինի»,- ընդգծեց նա։

Այն հարցին, թե ՀՅԴ-ն հավատարի՞մ է մնացել իր սկզբունքներին և արդյո՞ք նախորդ իշխանությունների հետ կոալիցիա կազմելով՝ պահպանել է սկզբունքները, տնտեսագետն ասաց, որ եթե խոսում են նախորդ իշխանությունների հետ կոալիցիա կազմելու մասին, ապա պետք էլ չէր Փաշինյանի հայտարարած 100 փաստերի մեջ նշել ՀՅԴ-ի իրականացրած ծրագրերը, մասնավորապես՝ համայնքներին տրվող սուբվենցիաները, համայնքների տնտեսության վրա ազդեցություն ունեցող ծրագրերը։

Ինչպես նաև, եթե խոսվում է նախորդ իշխանությունների կոռումպացվածության մասին, ապա ինչո՞ւ են նրանց մեծ մասը ներկայիս իշխանություններում։

Խոսելով Քոչարյան-ՀՅԴ հարաբերությունների մասին, ՀՅԴ գործիչն ասաց, որ օրակարգում Քոչարյանի հետ համագործակցության հարց չկա։ Իսկ հարցին, թե ինչու էին Քոչարյանի կողմնակիցները նույնպես մասնակցում Դաշնակցության հանրահավաքին, նա պատասխանեց, որ հանրահավաքը բաց է եղել և ի տարբերություն այլոց՝ «ոհմակի պես ոչ ոքի վրա չեն հարձակվում»։

Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունները նաև հաջողություններ են գրանցել, և որպես օրինակ նշեց, թե դրական է, որ ընտրությունների ժամանակ տեղամասերի մոտ սև հագնված թզբեխավորներ չեն եղել։

Դատարանների շրջափակումը Խաչատրյանը որակեց որպես ճնշում դատարանների վրա, թեև դատական համակարգը բարեփոխման կարիք ունի։ Իսկ վեթինգի վերաբերյալ կարծիք հայտնելուց առաջ, նախ պետք է ծանոթանալ գործիքակազմի հետ, նույնը անցումային արդարադատության պարագայում, կածում է ՀՅԴ-ականը։