Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_3347
A A
Պաշտոնական

Հայաստանի  և Չինաստանի միջև կվերանա մուտքի արտոնագրի պահանջը

Հայաստանի  և Չինաստանի միջև կստորագրվի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համաձայնագրով՝ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: Այն կնպաստի առևտրական, գործարար կապերի, զբոսաշրջության զարգացմանը և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործմանը: Համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը,  անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Համաձայնագիրը Չինաստան այցի պայմանավորվածության արդյունքն է: Հույս ունենք, որ սա իսկապես կակտիվանցի երկկողմ հարաբերությունները, և ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ մեկնել ՉԺՀ: Խորհրդակցություն ենք արել այցի արդյունքներին նվիրված, հիմա պետք է կայացնենք որոշումներ, որպեսզի այցի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ կարողանանք կոնկրետ որոշումներ կայացնել: Հայաստանի Հանրապետությունը հետարաքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով և ՉԺՀ-ն նույնպես հետաքրքրված է, որ Հայաստանի  Հանրապետությունը հնարվորինս ինտենսիվ մասնակցի այդ ծրագրին: Սրա վերաբերյալ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, հիմա ժամանակն է այդ պայմանավորվածությունների մասին որոշումներ կայացնել»

Վարչապետն անդրադարձել է նաև Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու հարցին: «Ուզում եմ ևս մի շեշտադրում անել, որի վերաբերյալ մենք աշխատանքային քննարկում ենք  ունեցել, բայց կարծում եմ՝ այս տեղեկատվության հրապարակայնությունը նույնպես շատ կարևոր է: Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրեց, որ իրենք շահագրգռված են Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու առումով: Եվ մենք պետք է մեր գործարարների, այդ թվում գինիների, ալկոհոլային խմիչքների, այլ արտադրանքի, սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների հետ աշխատանքներ տանենք: Բոլոր տեսակի հայկական արտադրանքի հետ կապված նրանք շատ հստակ իրենց պատրաստակամությունը և քաղաքական կամքը արտահայտեցին: Կարծում եմ՝ հիմա շատ կարևոր է այդ պոտենցիալ արտահանող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, նաև Չինաստանի մեր գործընկերների, որովհետև կան որոշակի ստանդարտների և այլ խնդիրներ»,-ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:     

Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, որտեղ կան անհամապատասխանություններ, որոնք զուտ տեխնիկական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի դրանք լուծելու ուղղությամբ կառավարությունը քայլեր ձեռնարկի: «Որևէ կասկած չկա, վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է և կարող են մեր գործարարները զբաղվել այդ ուղղությամբ: Միակ խնդիրը որ կա, ինչպես բոլոր դեպքերում, կան որոշակի ստանդարտներ և մեր գործարարները, գործարանները պետք է կարողանան համապատասխանել այդ ստարտներին, որպեսզի մենք այստեղ կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: