«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Ղազինյանը
Աջակցիր «Ա1+»-ինԿայացավ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, գրանցված 164 պատվիրակով, մեկնարկեց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ 142 ձայնով համագումարը կուսակցության նախագահ ընտրեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանին։ Ընտրությունների արդյունքում ընտրվեց կուսակցության մշտական գործող ղեկավար մարմին՝ քաղխորհուրդ, որի կազմում են Վլադիմիր Մարտիրոսյանը, Հասմիկ Ենգոյանը, Վահե Դավթյանը, Լուսինե Մարգարյանը, Աշոտ Ալեքսանյանը, Լիլիթ Միրզոյանը, Սոնա Հարությունյանը, Հայկ Ֆարմանյանը, Մարինե Միրիջանյանը, Արգամ Պապոյանը։
Հանդես գալով ծրագրային ելույթով Արթուր Ղազինյանը նշեց, որ այժմ մեր պետությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին բարդ մարտահրավերների և ջրբաժանի առաջ է կանգնած, որից երկու ելք կա` կառուցել հզոր, զարգացած, ապագային միտված պետություն, կամ` կրկին տանուլ տալ: Նրա խոսքով, ձևավորվող քաղաքական ուժի շուրջ համախմբված գաղափարակիրները՝ առաջին թեզի կողմնակիցներ են և ջանալու են քաղաքական դաշտ նետել «հանուն» գաղափարախոսությունը. հանուն Հայաստանի ազգային և պետական շահի:
«Անցած տարի մայիսին Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարևորագույն նշանակություն ունեցան նորարագույն պատմության մեջ և կարող էին փոխել Հայաստանի զարգացման անիվի ուղղությունն ու դրա արագությունը։ Հայաստանի անկախության սերունդը դուրս եկավ փողոց, դուրս եկավ պայքարի՝ ոչ ասելու իշխանությանը, հովանավորչությանը, կեղծիքին, կոռուպցիային, անարդարությանը, որի հետ նրանք բախվում էին արդեն 30 տարի։ Ժողովուրդն արեց իր գործը, վստահելով քաղաքական առաջնորդներին՝ նրանց տալով մի թաքնված պատգամ․ վերջապես վերջ տալ անցյալի և ներկայի միջև ընթացող պայքարին և մշակել ապագայի քաղաքականություն, ստեղծել սերունդների համերաշխության միջավայր, ընդունել սխալները և առաջ շարժվել՝ մտածելով բացառապես երկրի ապագայի մասին, սակայն նոր իշխանությունը չգիտակցեց ժողովրդի կողմից տրված պատգամն ու լրջագույն առաքելությունը, և կրկին անգամ չդիմացավ գայթակղությանը՝ մտնելու անցյալի և ներկայի տասնամյակների պայքարի մեջ, ապագայի համար պայքարը կրկին պարտություն կրեց»,-նշեց Արթուր Ղազինյանը։ Բանախոսը քաղաքական կուսակցություններին հորդորեց իրար օգնելով ձևավորել ապագայի օրակարգ, այլ ոչ թե միմյանց ոչնչացնելով ժամանակավորապես բավարարել սեփական քաղաքական ամբիցիաները․ «Հանունը դժվար է, բարդ է, պետք է համոզել, գաղափար և էներգիա տալ: Ընդդեմի շուրջ արագ են հավաքվում մարդիկ, նույնքան էլ արագ իրենց քաղաքական առաջնորդին ու թիմին մենակ են թողնում»,-շեշտեց Արթուր Ղազինյանը: Բանախոսն իր խոսքում անդրադարձավ հայկական ինքնության հիմք համարվող պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին, ազգային անվտագության մարտահրավերներին, ազատական տնտեսության զարգացման ուղիներին, արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին․ «Հայաստանից դուրս ապրող հայերը պետք է հպարտ լինեն իրենց հայ լինելով` Հայաստանն էլ պետք է լինի դրա երաշխավորը: Հայաստանը և Արցախը լինելու են քարտեզի վրա: Այս ուղերձը հստակ պետք է լինի»,-եզրափակեց Արթուր Ղազինյանը:
Համագումարին հրավիրված էին խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ։