Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կներդվի  տուգանային միավորների համակարգ

Օրենսդրական նախաձեռնություններ. որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք՝ կներդվի  տուգանային միավորների համակարգ

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերականգնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը: Նախատեսվում է  տուգանային միավորների համակարգի ներդրում՝ որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք, որը միտված կլինի վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող համակարգի կիրառման արդյունքում օրենքի հարկադրական դրույթների ներգործության տիրույթում առավելապես կհայտնվեն պարբերաբար իրավախախտումներ կատարող վարորդները, իսկ օրինավոր վարորդները, որոնք, ի դեպ, բավականին մեծ թիվ են կազմում, առհասարակ կարող են այդ համակարգի գործողության տակ չընկնել: Տուգանքների չափերի վերանայման և վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթևանա նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռը: Տուգանային միավորների համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել ոստիկանությունում պարեկային ոստիկանության՝ շարժական-շուրջօրյա պարեկային ստորաբաժանումների ստեղծմանը զուգահեռ: Պարեկային տրանսպորտային միջոցները հագեցած են լինելու տեխնիկական և ծրագրային միջոցներով, որոնք հնարավորություն կտան իրականացնելու տրանսպորտային միջոցների նույնականացում համարանիշերի միջոցով՝ ավտոմատ ճանաչման եղանակով, ինտեգրված կլինեն տուգանային միավորների համակարգին և ավտոմատ կարտապատկերեն տրանսպորտային միջոցը հետախուզման մեջ գտնվելու փաստը, սեփականատիրոջ կամ շահագործողի վարորդական վկայականի կարգավիճակը (միավորների քանակ, կասեցում, զրկում): Բացի դրանից, տեխնիկական և ծրագրային միջոցների կիրառմամբ հնարավոր կլինի նույնականացնել վարորդին վարորդական վկայականի միջոցով՝ ավտոմուտքագրման եղանակով:

 

Օրինագծերի շուրջ կառավարության նիստում ծավալվել է քննարկում, ներկայացվել են առաջարկություններ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բարձրացված հարցերն ու առաջարկությունները և  օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողով ներկայացնել լրամշակված տարբերակով:

 

Հավանության է արժանացել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով՝ առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը, տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը` հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ: Նախատեսվում է նաև հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները, կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում`ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները: Սահմանվել է մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ, հստակեցվել է հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ: