Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

Պաշտոնական
congress delegation

Մայիսի 13-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկուցողների և  Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամների հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև տեղական ինքնակառավարման ոլորտի հայաստանյան փորձագետներ։

ԵԽ Կոնգրեսի պատվիրակության կազմում են համազեկուցողներ Գան Մարի Հելգեսենը, Բրյոնի Ռուդկինը, անկախ փորձագետ Զոլթան Սենթը, Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Սթեֆանի Փորելը:

Գան Մարի Հելգեսենը նշեց, որ Կոնգրեսը ՀՀ-ում մշտադիտարկումներ է իրականացրել 2000, 2003, 2013 թվականներին: 2015-ին իրականացվել է հետմշտադիտարկման առաքելություն, որի ընթացքում կազմվել է 2016 թ. ճանապարհային քարտեզը: Դառնալով Հայաստանում մոնիտորինգային առաքելության իրականացման նպատակներին՝ Գան Մարի Հելգեսենը նշեց. «Մշտադիտարկման հիմնական նպատակն է ոչ միայն հասկանալ, թե ինչպես են իրականացվում Խարտիայով երկրի ստանձնած պարտավորությունները, գնահատել տեղական ժողովրդավարության վիճակը երկրում, այլև անդրադառնալ այն խնդիրներին, որոնք կան փոփոխված քաղաքական իրավիճակում տեղական ինքնակառավարման ոլորտում»:

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը նշեց, որ Կոնգրեսի մասնակցությունը ՀՀ-ում տեղական ժողովրդավարության զարգացման համար շատ կարևոր է: Նա փաստեց, որ ՀՀ-ում տեղական ժողովրդավարության հաջողության պատմությանը ուղղակիորեն փոխկապված է ԵԽ Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության հետ։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն Կոնգրեսի 2013թ. հանձնարարականների և ՀՀ-ԵԽ Կոնգրես 2016թ. Ստորագրված ճանապարհային քարտեզի իրագործման շուրջ։

ԵԽ Կոնգրեսի զեկուցողները Հայաստանում հանդիպումներ կունենան նաև քաղաքացիական հասարակության, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են այցեր նաև համայնքներ:

Նշենք, որ համազեկուցողները Հայաստան այցի արդյունքում կպատրաստեն զեկույցի նախագիծ, որին կկցվեն նաև առաջարկությունները ու կուղարկվեն Նախարարների կոմիտե: Առաջարկությունները կներկայացվեն Մոնիտորինգի հանձնաժողովի հսստատմանը, ինչից հետո զեկույցը կներառվի Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի օրակարգում:

 

 

Հայաստանի համայնքների միություն