Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավաշ թխե՞մ, տոլմա սարքե՞մ, թե՞ հոդված գրեմ (տեսանյութ)

Տեսանյութեր Մշակույթ

Պատկերացրեք, որ զբոսաշրջիկ եք եւ եկել  եք Հայաստան։  Միանում եք  գաստրոտուրի եւ ձեզ առաջարկում են  լավաշ  թխել, տոլմա  փաթաթել եւ խորոված անել։    Հայտնվում եք տաք թոնրի մոտ եւ ...  Նույնիսկ եթե ձեզ հունցած եւ գրտնակած խմոր են տալիս, միեւնույն  է՝   սեփական ձեռքով  հաց թխելու զգացողությունը մնում է։   Մանավանդ, որ լավաշ թխող վարպետները խմորը փչացրած եւ թոնրում վառած սկսնակին գովեստի խոսքեր են շռայլում։

Քիչ անց հայտնվում եք խոհանոցում՝   ձեր առջեւ միս եւ խաղողի տերեւ։  Զգուշացնում են՝  փաթաթեք այնպես, որ եփելուց   տոլման փլավ չդառնա։   Իսկ երբ հերթը հասնում է  խորովածին, կարծրատիպերը կոտրվում են։ Շամփուրին միս, բանջարեղեն, սունկ շարում են նաեւ աղջիկները, այսինքն՝ համով խորոված մենակ  տղամարդիկ չէ, որ կարող են պատրաստել։

 

 Ի դեպ, երբ առաջարկում են ուտել պատրաստածդ, մի պահ վարանում ես՝   տեսնես`  կուտվի՞։

Սա երկու ժամյա փորձության համառոտ նկարագիրն էր։ Փորձությունն էլ լրագրողների համար պատրաստել էր  «Երեմյան Փրոջեքթս»   ընկերությունը, որը  զբոսաշրջային սեզոնին ընդառաջ  սկսում է  գաստրոզբոսաշրջության  զարգացմանն ուղղված  նոր նախագիծ: Այսուհետ  Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու բոլոր նրանք, ովքեր հետարքրքրված են հայկական խոհանոցային մշակույթով «Պանդոկ Երևան. գետափին» ռեստորանում  կարող են մասնակցել  գաստրոտուրերի, որոնց ընթացքում  կծանոթանան մեր ազգային խոհանոցին, ուտեստների պատրաստ­ման առանձնահատկություններին։

 Շեֆ խոհարար Նորայր Մխեյանը այսօր շատ համբերատար էր։ Չթաքցնելով, որ իր մասնագիտական ոչ բոլոր գաղտնիքները կբացի, այնուամենայնիվ, մի քանի նրբություն սովորեցրեց, գուցեեւ ամենակարեւորը՝  տոլման այնպես շարել կաթսայում, որ  100  հատից  գոնե 95-ը հաջողված լինեն։