Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ոսկե Ծիրանում» իրավիճակ է փոխվել (տեսանյութ)

 Հեղափոխական, ռադիկալ փոփոխություններ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մոտեցումներում։

Տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝ թերևս ամենառադիկալ փոփոխությունը կրել է տարբերանշանը, որն այժմ ներկայանում է մինիմալիստական Ծ տառի տեսքով, և որի ստեղծման ուղղությամբ շուրջ երեք ամիս են աշխատել:

Նոր լոգոյի  հեղինակը դիզայներ Վիլյամ Կարապետյանն է:

Ծ տառը,  ըստ դիզայների,  հենց  հայկական ծիրանն է խորհրդանշում, մի տարբերությամբ, որ ծիրանն օվալաձև է, իսկ տարբերանշանը՝ շրջանակաձև։

Ապրիլի 15-ին փակվել է կինոփառատոնին մասնակցության հայտերի ընդունումը: 740-ից ավելի է ֆիլմի հայտ են ստացել, որից մի մասը կըդգրկվի փառատոնի մրցութային ծրագրերում։ Ավելի մանրամասն տեղեկություններ կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ: 

Այս տարվա նորությունների շարքում կրթական ծրագրերն են: Փորձել են ավանդական ծրագրերը մի փոքր թարմացնել։

Փառատոնի շրջանակում չորս օր տևողությամբ դասընթացներ են անցկացվելու: Ընդ որում՝ դեբյուտային նախագծերի  զարգացման դասընթացների համար հրավիրված են սկսնակ կինոգործիչներ Հայաստանից և տարածաշրջանից։ Մասնագիտական դասընթացավարների շարքում միջազգային փորձ ունեցող հայ մասնագետներից բացի, նաև արտերկրից հրավիրված կինոգործիչներ  կլինեն։

Փոփոխություններ են եղել նաև անվանակարգերում: Օրինակ, միջազգային լիամետրաժ մրցութային ծրագիրը այլևս չի բաժանվի խաղարկային և վավերագրական  ժանրերի, և վերջինս ստորադաս չի լինի:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը դրական է նայում այս փոփոխությունները: Նա վստահ է, որ երիտասարդ կազմակերպիչների մոտ ամեն ինչ կստացվի: ««Ոսկե ծիրան» կինոփառատոնում իրավիճակ է փոխվել: Երիտասարդները նոր շունչ են հաղորդում և դա շատ դրական եմ գնահատում,- «Ա1+»-ին ասաց կինոգետը։