Ուսանողին դրդո՞ւմ են դասի չգնալու (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Նրանք առաջարկում են եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատող, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները։
«Մենք նախատեսում ենք ուսանողների վճարած հարկը ուղղել նրա ուսման վարձին», - ընդգծում է նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը։
Նախագծով պետությունը կվճարի այն ուսանողների վարձերը, որոնց ՄՈԳ-ը բարձր է։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը ռիսկեր է պարունակում։
Այսօր ուսանողները շատ են բացակայում, պատճառաբանելով՝ թողեք աշխատենք, բերենք մեր վարձերը տանք, դուք էլ ձեր աշխատավարձը ստացեք։
«Այս իրավիճակում, եթե մենք բերում ենք այս նախաձեռնություն, որը մոտիվացիա է տալիս լրացուցիչ աշխատելու, սա կարող է իրավիճակը ավելի սրել և այն ուսանողները, որոնք չեն աշխատում, իրենք կարող են մտածել՝ ես էլ գնամ աշխատեմ»,- ընդգծում է Սերոբ Խաչատրյանը։
Սիսակ Գաբրելյանը հավելեց, որ դեռ հստակ չէ, թե օրենքի նախագիծը բակալավրիատում , թե մագիստրատուրայում սովորողների վրա կազդի։
Նախագիծը արդեն ուղարկվել է Կառավարություն։
Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը օրենսդրական նախաձեռնության գաղափարը ողջունում է և շեշտում, որ նախարարությունում նախագիծը բուռն քննարկումների տեղի է տվել:
«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն անդամ Դավիթ Պետրոսյանը նույնպես ողջունում է նախաձեռնությունը, նշելով, որ դրանով կթեթևանա ուսանողների վարձեր տալու բեռը: Լավ այլընտրանք է, բայց ռիսկեր նույնպես կան:
«Բանակից հետո տղաները ցանկանում են աշխատել, բայց ես միևնույն ժամանակ տեսել եմ, որ աշխատելը ուսման վրա շատ վատ է ազդում: Ունեցել եմ ընկերներ, որոնք բանակից եկել են, մեծ ցանկություն են ունեցել սովորելու, բայց վարձը տալու հետ կապված խնդիր են ունեցել: Եթե մարզից են լինում, տան վարձր խնդիր են ունենում: Գնում են գիշերը աշխատում են, աշխատավարձը տալիս են տան վարձ, իսկ դասերին էլ ուշադիր չեն, կամ քնած եհն: Ու սա ազդում է քննությունների, և մթնոլորտի վրա: Կարծում եմ, կարիք կա ավելի լայն քննարկումների, կարիք կա, որպեսզի բուհերը արտահայտվեն, ուսխորհուրդները պետք է կարծիք հայտնեն: Հետազոտության կարիք ունենք, որպեսզի հասկանանք, աշխատող ուսանողների և չաշխատող ուսանողների կրթական առաջադիմությունը»,- նշեց Դավիթ Պետրոսյանը:
Հարցին, թե ուսման հետ մեկտեղ աշխատելը չի վնասում ուսման որակին, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը օրինակ բերեց:
«2015-ին երբ ավարտեցի, 50 հոգանոց կուրս էր, 4-ը դարձան լրագրողներ , և 4-ն էլ 2-րդ կուրսից աշխատում էին որպես լրագրող»:
Իսկ Դավիթ Պետրոսյանը նկատեց՝ խնդիրը անհատական է:
«Կարող է մարդ լինել, որը չի կարող սովորելուն զուգահեռ աշխատել, ինքը միայն պետք է սովորի, ու պետք չի այդ մարդուն ստիպել՝ դու պիտի գնաս աշխատես, որովհետև քո տարիքը եկել է, դու պիտի փող բերես»: