Մահացած զինծառայողի գործի յուրաքանչյուր էջում՝ կեղծիք եւ կոծկում
Աջակցիր «Ա1+»-ինՆախորդ տարի վերաբացվել է 2010 թվականին մահացած՝ հետախուզական դասակի զինծառայող Արթուր Ղազարյանի գործը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով հեղափոխությունից հետո սա եզակի գործերից է, որ վերաբացվում է, սակայն գործը վերաբացելով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր էջում թաքնված է կեղծիք և կոծկում:
Նրա կարծիքով գործը քննվել է արտառոց իրավիճակում: Արթուրի մահից միայն 2 ամիս հետո է հարուցվել քրեական գործ: Իսկ դատաբժշկական փորձաքննությանը ներգրավված են եղել այն բժիշկները , որոնք հոսպիտալում 4 օր վիրահատել և բուժումներ են իրականացրել: «Այսինքն շահագրգիռ անձիք են եղել և ներկայացրել են այնպես, ինչպես նպատակահարմար է եղել, որոշակի պաշտոնատար անձանց. կարծում է փաստաբանը:
«Ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին, այստեղ ևս այսօրվա իրավապահները փորձում են աճպարարությամբ զբաղվել: Տպավորություն է, որ մեկ երկու պաշտոնյան փոխվել է, սակայն մնացածը աշխատում են նույն տրամաբանությամբ, ինչ կար 2010-11 թվականներին»,-շարունակում է նա։
Մայրը նշում է, որ վերջերս դիմել է դատախազ Արթուր Դավթյանին՝ պարզելու ինչ քննություն է իրականացվում, սակայն վերջինս ասել է, որ. «Դուք այնպիսի բան եք պահանջոմ, որ բոլոր հետքերը և ապացույցները արդեն կորել են»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հետսքրքրվում է. «Կա՞ արդյոք հրաման արխիվները պատշաճ պաշտպանության տակ առնելու մասին, եթե նման մոտեցում չկա, ապա կասկածի տակ է դրվում շատ հանցագործությունների բացահայտման հնարավորությունները: Պետք է հասկանալ անցյալին գնահատական տալու համար, կյարևոր հիմքը արխիվներն են»:
Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանը 2010 թվականին դեկտեմբերին 14-ին տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ էլ օրեր անց մահացել է: Զինծառայողի մոր՝ Իրինա Ղազարյանի խոսքով, օրեր առաջ խոսել է տղայի հետ, տղան ասել է, որ իրեն լավ է զգում, սակայն զրույցի վերջում տեղեկացրել է, որ հրամանատար Ջհանգիրյան Մարտինը հրաման է տվել, որ թուրքերի հետ պետք է առևտուր անեն: Նրա կարծիքով՝ տղայի մահվան պատճառը կարող է լինել նաև այդ ինֆորմացիայի փոխանցումը:
Հայրը Սումբատ Ղազարյանը նշում է, որ հիվանդանոցում բժիշկները նրան ասել են, որ տղայի մոտ առաջացել է կայծակային ուռուցք, պետք է վիրահատություն իրականացնել, հայրը համաձայնվել է: Սակայն վիրահատությունից հետո նկատել է, որ դրինաժը չի դրվել այն ուղղությամբ, ինչպես բժիշկն է ներկայացրել: