Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաշագործ Ավետարանը կտեղափոխվի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի

Հասարակություն
Շուրիշկանի Ավետարան

Ամեն տարի Կրկնազատկին՝ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը, Մատենադարանից Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Մուղնի գյուղի  Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի: Այդ օրը աշխարհի բոլոր կողմերից Ավետարանին ուխտի են գալիս հազարավոր հավատացյալներ: Այս տարի Շուրիշկանի Ավետարանը Սուրբ Գևորգ եկեղեցում կլինի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին:

Հրաշագործի և խնդրակատարի համբավ ունեցող այս  Ավետարանը գրվել է 1498 թվականին, Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում: 1604 թ. շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ Ավետարանն իր տերերի հետ հասնում է Իրան: Հետագայում այնտեղ հիմնվում են ՆորՋուղա քաղաքն ու մերձակա գյուղերը: Ձեռագիրն էլ պահվում է Փերիա գավառի Շուրիշկան գյուղում: Պահպանման տեղանունից Ավետարանն ստացել է իր անուններից մեկը: Այն կոչվել է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի»:

Ավանդության համաձայն՝ թշնամիների ավազակային հարձակումից առաջ Շուրիշկանի Ավետարանը պահել են հողի տակ և նրա մոտ տնկել են ուռենու ճյուղ, 7-8 օր հետո գյուղը խաղաղվել է, և երբ գնացել են սուրբ Ավետարանը հանելու, նկատել են, որ նրա տեղը խոնավացել է, իսկ գրքի ծայրերը դեղնել են, մի քանի օր հետո նույն տեղում աղբյուր է գոյացել և հետզհետե մեծացել է: Ներկայումս էլ գոյություն ունի այդ աղբյուրը. համարվում է սրբատեղ և կոչվում է Պապի աղբյուր:

Հարյուրավոր տարիներ Ավետարանի «ոտքն» են եկել հավատացյալներ, հիվանդներ՝ իրենց խնդրանքներն ասելու և ուխտը կատարելու: 1973 թվականից Շուրիշկանի Ավետարանը պահպանվում և մշտապես ցուցադրվում է Մատենադարանի թանգարանային համալիրում:

Մատենադարան