Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հեղափոխականները
A A
Հարցազրույց

ԿԳ նախարարի սնդիկ ուսանողն ու իր անբաժան կիթառը

   «Ընկերներս ինձ  հաճախ սնդիկ են ասում»,- ժպտալով պատմում է Ալիսա Հայրապետյանը՝ հավելելով, որ պարապ նստելը խեղդվելուց դաժան ու վախենալու է:

ԵՊՀ -ի  արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի  ուսանողուհի Ալիսան արմատներով Կապանից է։

Ասում է՝ փոքր ժամանակ շատ աշխույժ և շարժուն երեխա է եղել: Հիմա էլ, ինչպես ընկերներն են ասում, չի փոխվել, ավելին՝ ավելի է աշխուժացել: Ընկերների խոսքով՝ Ալիսան ամենուր է՝ տանը, փողոցում, համալսարանում, անգամ այնտեղ, որտեղ հնարավոր չէ պատկերացնել:

Այս պահին մեկամյա փոխանակման ծրագրով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, որտեղ սովորում է Հորդանանի պետական համալսարանի լեզվի կենտրոնում: Ասում է ՝ կյանքի ամենահետաքրքիր շրջաններից մեկն է հիմա. «Արաբական աշխարհը ինչ-որ չափով բացահայտելու շանս է ընձեռվել, փորձում եմ առավելագույնս ճիշտ օգտագործել ժամանակը»:

 Շատ է սիրում  երգել,  սակայն պրոֆեսիոնալ երաժշտությամբ չի զբաղվում: Ասում է՝  Հորդանանում ավելի շատ է սկսել երգել, քանի որ տեղացիները շատ երաժշտասեր են. «Հոգուս ամենամոտը հենց երգն է, իսկ հեղափոխության հերոս կիթառս իմ մի մասնիկն է, բայց, ցավոք, հիմա կողքիս չէ, ինձ Հայաստանում է սպասում: Ընկերներս իրական կյանքում և սոցիալական ցանցերում ինձ ոգեշնչում  ու քաջալերում են միշտ»:

 Մեկ տարի  առաջ՝  2018թ թավշյան հեղափոխության   օրերին նրան կարելի էր տեսնել փողոցներում, դրոշակը ձեռքին  տարբեր վանկարկումներ անելիս։

 «Կյանքում սկզբունք ունեմ, որով առաջնորդվում եմ՝ երբեք ոչինչ անիմաստ չանել: Մինչև այսօր էլ հիշում եմ՝ այդ օրերին ծանրաբեռնված էի, գիտեի, որ չէի կարող գնալ, սակայն չդիմացա»,-ասում է նա։

Ասում է՝  ընտանիքում չեն հավատացել, որ արդյունք կլինի՝ ուստի մայրը խորհուրդ է տվել  դասերով զբաղվել։

«Մի քանի անգամ  սաստող  ձայնով զգուշացրեց, որ չգնամ փողոց և դասերով զբաղվեմ, բայց հեռախոսը անջատելուց հետո, նայում էի ժամին, որ հասցնեմ հրապարակ վազել,բոլոր ընկերներիս էլ հորդորում էի դասերի ու աշխատանքի չգնալ, որովհետև դա բողոքի արտահայտման արդարացված ձև էր այդ  պահին»,- արդեն հեռավոր Հորդանանից հիշում է Ալիսան։

  Հեղափոխության ազդեցիկ պահերից ապրիլի 16-ը Ալիսայի հիշողություններում   դեռ երկար կմնա, ասում է՝  ամենամոտ ընկերներով էին, բայց, երբ ոստիկանները Բաղրամյան պողոտայի փշալարերի մոտ օգտագործեցին լուսաձայնային նռնակներ,  կորցրեց ընկերներին. «Միացիր ոստիկան վանկարկումներից հետո  ստացա առաջին հարվածը, ընկա  ու մի անծանոթ տղա բարձրացրեց, հանեց այդ ամբոխի միջից ու այդտեղ գմփոցները սկսեցին, այդ տղան ասաց պետք է ցատկես պատնեշի վրայով: Ես ասեցի  չեմ կարող ու այդ պահին կրկին  գմփոցներ…    վախից երկուսով ընկանք, վեր կացա լացելով մեկ էլ տեսնեմ  արաբերենիս 73- ամյա դասախոսը գրկեց ու իրենց հատուկ ակցենտով, թե բա ցույց տուր՝ ով է համարձակվել հարվածել մը»:

«Ինձ հետ և ինձնից շատ հեղափոխությանը ակտիվ մասնակցել է կիթառս»,- վերհիշում է Ալիսան, հավելելով, որ կիթառի պարապմունքները միշտ ուշ էին ավարտվում, իսկ ինքը չէր հասցնում տուն գնալ իրերը թողնելու համար, միանգամից կենտրոն էր իջնում և քանի որ կարճահասակ  էր  վանկարկումների  ժամանակ կիթառն էր  վերև հանում, իսկ ինքը չէր երևում:

Ինչպես Ալիսան է նշում  հեղափոխությունը իրեն չփոխեց, փոխարենը  ևս մեկ անգամ հաստատեց, որ դուխը տեղն է և անհնար ոչինչ չկա. «Երբ թավշյա հեղափոխությունը հաղթական ավարտ ունեցավ,  ես շատ լավ հասկանում էի, որ չինական պատը մի օրում չի կառուցվել ու տարիների թալանածը շատ մեծ ջանքեր  ու ժամանակ է  պահանջելու առանցքային հարցերի լուծման համար»:

 Ռեալիստ Ալիսան երազկոտ չէ, ինչպես ինքն է նշում հեղափոխությունը արժեքի, արժեհամակարգի և որ ամենակարևորն է գաղափարի հեղափոխություն էր:

 «Ես երբեք էլ չեմ մտածել, որ իմ դասախոսը,որն  այսօր ԿԳՆ նախարարի պաշտոնն է  ստանձնել պետք է ինձ համար կրթությունը դարձնի անվճար, չեմ մտածել,որ Նիկոլ  Փաշինյանի իշխանության գալուց արդյունքում պետք է բնակարանիս վարձը չվճարեմ, ես չեմ մասնակցել շահ կամ օգուտ ակնկալելով, ես սա ինքս ինձ վերափոխելու ու վերանայելու համար եմ արել»,- ասաց նա։

Հետհեղափոխական շրջանի խմորումներին  հիմա օնլայն տարբերակով է  ստիպված հետևում. «Մի քանի օր առաջ ընկերներով հավաքվել ու հենց այս  թեմայից էինք խոսում,կես կատակ կես լուրջ երեխեքից մեկը ասեց,բայց ոնց եմ կարոտել էդ օրերը,բոլորս նայեցինք իրար ու ժպտացինք»:

Ալիսան  մի քանի ամսից կվերադառնա Հայաստան, թեեւ  մտադրություն ունի կրթությունը դեռ շարունակել արտերկրում։

«Վերջնակետս Հայաստանն է լինելու, համենայն դեպս ուրիշ տեղ ինձ ավելի հարմար, ապահով ու գնահատված չեմ զգում»,-ասաց նա։

Զրուցեց  Նարե Խաչատրյանը