Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arayik
A A
Հասարակություն

Հեռավար ուսուցման համար դասախոսից ավելի մեծ հմտություններ և ջանքեր են պահանջվում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը:

Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրել է հեռավար կրթության իրավական հիմքերն ու կազմակերպչական գործընթացը:

Նշվել է, որ հեռավար ուսուցման ծրագիրը բովանդակային առումով համապատասխանում է առկա ուսուցման համակարգի ծրագրային ծանրաբեռնվածությանը և ներառում է 16-շաբաթյա դասընթաց: Դասընթացներն իրականացվում են առցանց հարթակում` աուդիո և տեսադասերի, առցանց քննարկումների` վեբինարների, տեքստային նյութերի, առցանց առաջադրանքների  միջոցով: Հատուկ հեռավար կրթության համար մշակված գնահատման համակարգը ներառում է մի քանի բաղադրիչների համադրում:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները ներկայացրել են հեռավար ուսուցման համակարգի ներդրման ընթացքը՝ տեխնիկական վերազինում, հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակում, հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություն ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի 26 առարկաների ուղղությամբ հեռավար դասընթացների մշակում և այլն: Նշվել է, որ դասավանդման տեսանկյունից հեռավար ուսուցման համար դասախոսից ավելի մեծ հմտություններ և ջանքեր են պահանջվում:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ  փորձնական ծրագիրն արդյունավետ է և չափազանց կարևոր` ՀՀ բուհական համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից. «Հեռավար ուսուցումը բուհերի մրցունակության կարևոր չափանիշներից մեկն է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է հասկանան, որ հեռավար ուսուցման ձևը միջազգային կրթության պահանջներին համաքայլ գնալու պահանջ է: Այս ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում մեր բուհերն ընդհանրապես դուրս կմնան բուհական քարտեզից»,- նշել է ԿԳ նախարարը:

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, որի  շնորհիվ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձել են առաջին բուհերը Հայաստանում, որոնց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հեռավար մագիստրոսական կրթության իրականացման իրավունք` երեք տարի ժամկետով: Ծրագիրը  փորձնական նպատակով ներդրվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից:

ԿԳՆ