Բացել լրահոսը Փակել լրահոսը
inessa, davit
A A
Քաղաքականություն

ԱԱԾ-ի  քննչական դեպարտամենտի նկատմամբ Դավիթ Սանասարյանը վստահություն չունի

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները ապրիլի 22-ին բողոք են  ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացվի: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:  

«Քրեական գործում կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք վկայում են,  որ այդ դեպքը Դավիթ Սանասարյանի մասով ընդհանրապես անհիմն է: Նրան ուղղակի չի կարող մեղսագրվել այդ արարքը, որ իբրև նա խմբային շահեր է ունեցել օրինակ՝ ատյանի հետ: Դա ակնհայտ սուտ է: Նրանք գնացին Դավիթ Սանասարյանին զրպարտելու ճանապարհով»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը: 

Պաշտպանները բողոքի մեջ նաև խնդրել են վերացնել քննիչի որոշումը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավորումը կասեցնելու համար, ինչպես նաև գործը այլ քննչական մարմին տեղափոխելու համար, պատճառը՝  ԱԱԾ-ի  քննչական դեպարտամենտի նկատմամբ՝ Դավիթ Սանասարյանի վստահություն չունենալն է: Պաշտպանը նշեց, որ իրենք նկատել են՝ այնտեղ Սանասարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք կա:

«Այդ իսկ պատճառով, նաև մեղադրանք առաջադրելուց հետո նա հրաժարվեց ցուցմունք տալ և մասնակցել քննչական գործողություններին, նշելով, որ եթե այլ մարմնում քննվի գործը, ապա ինքը միանշանակ կհամագործակցի քննության հետ և կշարունակի ցուցմունքներ տալ»,-ասաց նա։

 Հարցին, թե կանխակալ մոտեցումը ինչո՞վ է դրսևորվել, պաշտպանն ընդգծեց.

«Ի սկզբանե, երբ որ նրան կասկածանքը ներկայացրեցին, խափանման միջոց ընտրեցին ստորագրությունը չհեռանալու մասին: Դրանից հետո նախաքննական մարմինը ուներ 7 օր ժամանակ, բայց 5-րդ օրը Սանասարյանին արդեն մեղադրանք առաջադրեցին, ի դեպ կեսգիշերին 12: 05-ին: Եվ ակնհայտ էր, որ քննիչներին չէր էլ հետաքրքրում քննչական գործողությունների արդյունքները, ամեն ինչ արդեն պատրաստ էր, դա ակներև էր: Նրան ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես հետո պարզվեց պաշտոնավարումը դադարեցնելը հիմք տվեց կարծելու, որ իրականում նրա նկատմամբ քրեական հետապնդումը ուղղորդված է»,-ասաց նա։

Ի դեպ, պաշտպանից հետաքրքրվեցինք նաև այսօր Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանում  գործ չեն սարքում: Պաշտպանը հնչեցրած հայտարարության հետ համամիտ չէ:

«Ես էլ շատ մեծ հույս ունեի, որ նոր Հայաստանում արդեն շատ բան պետք է փոխված լիներ, բայց ցավոք սրտի արձանագրում եմ, որ՝ ոչ, չի փոխվել, որովհետև շատ  ուժային կառույցներում մարդիկ դեռ նույնն են: Մտածում են նախկին մտածելակերպով և շատ դժվար է մարդկանց ուղղակի իրենց կերպարներից դուրս գալ և փոխվել, ինչքան էլ, որ նրանք փորձեն մեզ ապացուցել, որ իբրև իրենք փոխվել են.  դա սուտ է և  իրականությանը չի կարող  համապատասխանել: Իրենց նպատակներին հասնելու համար նույն մարմինները  նույն մեթոդներով էլ շարունակում են գործել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել։ Նրա լիազորությունները սառեցված են։