Բացել լրահոսը Փակել լրահոսը
1435044820-1005
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում (Մարինե Մելքոնյանի նախագահությամբ) հրապարակվեց պաշտպանության նախկին փոխնախարար, ԵԿՄ վարչության նախկին նախագահ գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանին 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու՝ փաստաբանական խմբի ներկայացրած միջնորդության գործով որոշումը։

Դատարանի որոշմամբ մերժվեց փաստաբանների միջնորդությունը, և Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Նշենք նաև, որ պաշտպանության նախկին փոխնախարարի փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ նրա առողջական վիճակը դեռևս ծանր է։

Ավելի վաղ, փաստաբան Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ ԵԿՄ նախկին նախագահի առողջության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը ստորագրվել է առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի կողմից, որը ստորագրման պահին չի զբաղեցրել տվյալ պաշտոնը, քանի որ վարչապետի որոշմամբ ազատված է եղել։

Վերոնշյալ քայլը փաստաբանը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Պաշտոնից ազատված անձը ստորագրում է եզրակացությունը, որի իրավունքը չունի։ Եվ այդ եզրակացությունը դրվում է կալանքի բազմաթիվ որոշումների դատական ակտի տակ, և սա մենք համարում ենք ապօրինի»։

Ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում Արսեն Մկրտչյանը ասել էր, որ վերոնշյալ եզրակացության բնօրինակը Հատուկ քննչական ծառայությունում է, իսկ կրկնօրինակը փաստաբանական խմբի կողմից ներկայացված է դատարանի քննությանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։