Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: 

«Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին»,- ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Նվագախմբի կազմում Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ են:  Մեծ է նաև երգչախումբը. շուրջ 300 հոգանոց մանկապատենական ստեղծագործական կոլեկտիվի երկացանկում կհնչեն բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի Պատարագից «Սուրբ, Սուրբ» հատվածը, «Հայաստանը», էդգար Հովհաննիսյանի «էրեբունի -Երևանը», նաև Միրզոյանի «Շուշանիկ», Անուշավան Տեր Ղևոնդյանի «Ախթամար»-ն ու Մանսուրյանի կինոմեղեդիներ:

Նվագախմբի առաջին համերգը կկայանա հուլիսին՝ նվիրված Կոմիտասի 150 և Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Երևանյան բեմելից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա նաև Հայաստանի մարզերում և Արցախում: