Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

Հասարակություն

 Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:

Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

 ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ նպատակը բոլորի համար դպրոցի ընտրության մրցակցային հավասար պայմանների ապահովումը, թափանցիկության բարձրացումն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է.

«Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց  մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներ` առաջին դասարան հաճախելու համար»,- նշել է Լուսինե Առաքելյանը:

 Երևանի պետական հանրակրթական դպրոցները, տրամադրված պետական լիցենզիայի տեղերի շրջանակում, սեպտեմբերի 1-ին կարող են ընդունել 14358 առաջին դասարանցու:

Կանխատեսվում է սակայն, որ մայրաքաղաքում դպրոց կհաճախի 13 հազարից մի փոքր ավելի թվով երեխա.  «Համակարգը լինելու է թափանցիկ ու հաշվետու և նախարարությունը մշտական վերահսկողության տակ է պահելու հայտագրման գործընթացը,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և շարունակել,- Միաժամանակ` նկատի ունենալով, որ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կունենան  համակարգից օգտվելու դժվարություններ, Երևանի վարչական շրջաններում նախատեսում ենք  ստեղծել կենտրոններ, որոնք նման քաղաքացիներին կաջակցեն  հայտագրվել»:

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը` մուտք գործել հայտագրման համակարգի՝ https://hayt.emis.am/ էջ, ընտրել համայնքը,

ապա` դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել  որտեղ կան ազատ տեղեր և սեղմել  «ավելացնել հայտ»  կոճակը։  Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:

Այնուհետև պետք է մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական  քարտի  համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը:

Այս քայլերը կատարելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո  համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։ 

Տվյալները ստուգելուց հետո պետք է սեղմել  «շարունակել» կոճակը, էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրելով վերևի պատուհանում, կարող եք մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու  ժամկետի մասին։

Սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել  հայտագրումը և ընտրել նոր դպրոց:

Հնարավոր խնդիրներից և դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նկատառումից ելնելով համակարգում ներդրվել է նաև պաշտպանական մեխանիզմ: Մասնավորապես այդ նպատակով` Երևանի հիմնական դպրոցների համակարգիչներից  մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է: