Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վաղաժամկետ ազա՞տ կարձակվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց Արմեն Տեր-Սահակյանի գործով դատարանի որոշումը։
Դատարանը բավարարեց Տեր-Սահակյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Արտակ Գալստյանի բողոքը։
Որոշմամբ արձանագրվեց, որ ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թ. հունվարի 11-ին կայացված թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ է տրվել Տեր-Սահակյանի իրավունքների խախտում։
Որոշմանը Տեր-Սահակյանը արձագանքեց հետևյալ կերպ. «Կյանքում առաջին անգամ ճիշտ վճիռ կայացվեց» և «Կեցցե՛ արդարությունը, ապրի՛ Նիկոլը»։
Տեր-Սահակյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը սրանով արձանագրեց քրեակատարողական ծառայության և պրոբացիոն ծառայության կողմից կազմված զեկույցներում թույլ տված խախտումները։
Իր բողոքում պաշտպանական կողմը նշել էր, որ քրեակատարողական հիմնարկի զեկույցը կազմվել էր կամայականության, սուբյեկտիվ մոտեցման հիման վրա և չէին արձանագրվել Տեր-Սահակյանի անձնական գործում առկա տվյալները, իսկ օբյեկտիվ տեսանկյունից պետք էր վաղաժամ ազատ արձակման համար դրական եզրակացություն տրվեր։
Փաստաբանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ պրոբացիոն ծառայությունն Արմեն Տեր-Սահակյանի վարքագիծը նկարագրել էր դրական, սակայն վաղաժամ ազատ արձակման ներկայացնելը նշել էր ոչ նպատակահարմար, որն էլ ցույց էր տալիս եզրակացությունների հակասական լինելը։
«Եթե որոշումը մտնի օրինական ուժի մեջ, քրեակատարողական ծառայությունը պետք է վաղաժամկետ ազատման համար միջնորդություն ներկայացնի»,- եզրափակեց նա։