Բացել լրահոսը Փակել լրահոսը
Pashinyan Nikol1
A A
Պաշտոնական

Մեկ տարի անց. փշալարերի տարբեր կողմերում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանություն: Նա մասնակցում է ՀՀ ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը:

ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին դիմավորեց Ոստիկանության պատվո պահակախումբը:

Ոստիկանությունը 101 տարեկան է։

Նշենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2001 թվականի ապրիլի 16-ին: Դրանից հետո ամեն տարի այս օրը նշվում է Ոստիկանության օրը:

Հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ։

«Ուղիղ մեկ տարի առաջ մենք կրկին միասին էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում։ Այդ օրվանից մեր հետեւությունն այն է, որ այդ ողջ գործընթացում ոչ մի կաթիլ ատելություն չկար։ ՀՀ ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է առաջացնեն։ Հասկանալի է, որ ստիկանությունը ուժային մարմին է եւ աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներում անգամ ինչ ինչ ուժային գործողությունների է դիմում։

Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, որ ատելությունը դուրս է եկել ոստիկանության եւ հասարակության հետ հարաբերություններից։ Ոստիկանությունը պետականության հենասյունն է, անկախ ամեն ինչից։ Ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում ոստիկանությունը իսկապես նոր բովանդակություն կստանա, նոր կերպար կստանա, նոր անելիք ձեռք կբերի եւ դա չի լինի որեւէ ուժի ծառայելը։ ՀՀ ոստիկանությունը պետք է ծառայի պետությանը։ ՀՀ ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության։ Ես ուզում եմ ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա համար եւ շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։

Վարչապետի որոշումով Ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացան կառավարական պարգեւների։

 

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը իր ղեկավարած կառույցի 101 տարեդարձի միջոցառմանը անդրադառնալով ոստիկանության ստեղծման պատմությանն ու ընթացքին, նշեց, որ մեկ դարից ավելի ՀՀ ոստիկանույթյունը գործով է ամրագրել պետականության հենասյուներից մեկը լինելը։

«Ոստիկանությունն այնտեղ է, որտեղ երկիրն ու քաղաքացին ունեն իր կարիքը։ Ոստիկանությունը, որպես պետական հիմնասյուն, միշտ համաքայլ է հասարակության պահանջներին, միշտ ժողովրդի կողքին է»,-ասաց Օսիպյանը։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ ոստիկանության աշխատանքի ամենամեծ գնահատականը տալու է քաղաքացին։ Եւ այդ աշխատանքում պետք է լինի հասարակական վստահություն եւ աջակցություն։ ԱԱԾ պետի հրամանով մի շարք ոստիկաններ պարգեւատրվեցին։

Արթուր Վանեցյանը պարգեւատրեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

 

 

 

ՀՀ ոստիկանապետը պարգեւատրվեց ողորկափող հրազենով

 

 Համակարգի աշխատակիցներին շնորհավորեց նաեւ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը։ Նա իր խոսքում նշեց, որ Արցախի հանրապետությունը իր թիկունքում միշտ զգացել է ՀՀ ոստիկանության աջակցությանը։ ՀՀ ոստիկանության պետին Իգոր Գրիգորյանը ողորկափող հրազենով պարգեւատրեց։

 Պարգեւներ ստացան նաեւ այլ ոստիկաններ։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ծրարների մեջ գումար չկա, գումարը փոխանցվել է աշխատակիցների հաշվեհամարներին:

Միջոցառումից հետո Ոստիկանության պատվո պահակախումբը նվագելով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ: