«Շատ հայկական պատճառով» Լատինական Ամերիկայի հյուրախաղերը չեղարկվեցին. Էդուարդ Թոփչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴառնալ ազգային արժեք միջազգային երաժշտական դաշտում: Սա, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով, իրենց գլխավոր նպատակն է, և որի իրագործմանն արդեն նվագախումբը մոտ է կանգնած:
Ֆիլհարմոնիկ նվագախումբը վերջին տարիների հանդես է գալիս հետաքրքիր և անսպասելի նախաձեռնություններով՝ օպերաների բեմականացված համերգային ներկայացումներ, երաժշտական մեծածավալ կտավների կատարումներ, որ երբևէ չեն հնչել հայ բեմում:
«Ես սովոր եմ իր երազանքներն իրականություն դարձնել»,- ասում է պարոն Թոփչյանը:
Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի Լիստի «Ֆաուստ» սիմֆոնիան նվագախմբի, արական երգչախմբի և տենորի համար, որն այս բեմից, ի դեպ, կատարվելու է առաջին անգամ:
Ո՞րն է լինելու հաջորդ երազանքը՝ հարցին, նա պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, դա կլինի Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայի համերգային ներկայացումը:
Նոր ծրագրեր, ձայնագրություններ, փառատոններ և հյուրախաղեր, մասնավորապես Չինաստան: Իսկ թե ո՞րն է պատճառը, որ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիսին նախատեսված Լատինական Ամերիկայի հյուրախաղերը չեղարկվեցին, Էդուարդ Թոփչյանը պատասխանեց, որ պատճառը բնավ ֆինանսները չեն, այլ մի շատ «հայկական պատճառ» է, որի մասին, սակայն բարձրաձայնել չի ցանկանում:
Մանրամասները՝ տեսանյութում: