Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զարգացումներ Ռանչպարի գործով

ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար 
համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված 
խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ 
ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու 
հանձնարարությամբ: Այս մասին հայտնում է  ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։

  Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար 
համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության 
մրցույթների արդյունքում վարձակալությամբ տրամադրված հողատարածքներից 14-ի 
դեպքում համայնքապետարանում բացակայել են պայմանագրերի կնքման 
հիմքհանդիսացող փաստաթղթերը:  Հայտնաբերվել են պայմանագրեր, որոնք կնքվել 
են 1 հեկտարի համար սահմանված նվազագույն արժեքից ավելի ցածր գներով, ինչի 
արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել 4.5 մլն ՀՀ դրամ:

  Պարզվել է նաև, որ 2006-2007թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից «Ս...» 
  ՍՊԸ-ն և ֆիզիկական անձ Ա. Ս.-ին վարձակալությամբ տրվել են հատուկ 
նշանակության հողատարածքներ, որի ընթացքում վարձավճարների չափերի նկատմամբ  դրսևորվել է կամայական մոտեցում. նույն ժամանակահատվածում հատուկ  նշանակության տարբեր հողատարածքների վարձակալության պայմանագրով հողի  յուրաքանչյուր հեկտարի համար խիստ տարբեր վարձավճարի չափեր են սահմանվել:  Արդյունքում 2006-2019թթ. ընթացքում համայնքի բյուջե այդ մասով վճարվել է  մոտ 6մլն դրամի չափով պակաս գումար:

  Բացի այդ, Ռանչպար համայնքի ղեկավարի 03.07.2008թ. որոշումներով, ավազի 
արդյունահանման նպատակով, նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն վարձակալությամբ 
տրամադրված հատուկ նշանակության հողատարածքներից 0.5-ական հեկտարի 
նշանակությունը փոփոխվել է արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ 
նշանակության:

  Ստուգման արդյունքում պարզվել է, որ Արաքս գետի ձախ ափի ավելի քան 3 կմ 
երկարությամբ տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակահատվածներում 
գետավազի արդյունահանման արդյունքում առաջացած տարբեր լայնություններով և 
ավելի քան 4 մետր խորությամբ հանքախորշերի տեսքով բազմաթիվ փորվածքներ: 
Դրանց մակերեսները բազմակի անգամ գերազանցել են նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն  տրամադրված՝ ընդհանուրը՝ 1 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքների մակերեսները:

  2006-2007թթ. ընթացքում համայնքի ղեկավարի կողմից անցկացվել են առերևույթ 
ձևական բնույթ կրող աճուրդներ, որոնց արդյունքում համայնքի ղեկավարի 
մերձավորը համայնքի տարածքում ձեռք է բերել շուրջ 39 հա հողատարածքներ, 
որից շուրջ 6 հեկտարը՝ ձկնաբուծության նպատակով, 33 հեկտարը՝ 
գյուղմթերքների արտադրության նպատակող և 0.3 հեկտարը՝ բնակելի 
կառուցապատման նպատակով: Վերոգրյալ բոլոր դեպքերում աճուրդների մեկնարկային գները սահմանված են եղել կադաստրային արժեքների 30-ից 50 տոկոսի չափով:

  Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի  մարզային քննչական վարչությանը: