Բացել լրահոսը Փակել լրահոսը
ashot
A A
Քաղաքականություն

«Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը պետք է պատժվի». ԵՀՄՖ-ի պահանջը ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Հայտնում ենք, որ 2011-2015 թվականներին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) իրավաբաններն իրավական ակտ էին ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետաքննություն անցկացներ 1998-2006 թվականներին Նախիջեւանում`ադրբեջանական իշխանությունների կողմից կանխամտածված կերպով կազմակերպված եւ իրականացված հազարավոր հին հայկական խաչքարերի ոչնչացման շուրջ:

Հարկ է նշել, որ նամակներին կից տրամադրվել էր նաեւ University College London-ի գիտական հսկողության ներքո 2007 թվականին իրականացված հետազոտական աշխատանքի հիման վրա գրված՝ մասնագիտությամբ իրավաբան Տաթեւիկ Գրիգորյանի «Մշակութային Ցեղասպանություն. մոռացված դիսկուրս» մենագրությունը, որը հրատարակվել էր ԵՀՄՖ-ի հովանավորությամբ: Աշխատությունում առաջին անգամ տրվել էր «մշակութային ցեղասպանություն» հասկացության իրավաբանական սահմանումը, որի համար հիմք էր հանդիսացել Նախիջեւանի Հին Ջուղայում`Ադրբեջանի կողմից պլանավորված եւ իրականացված հազարավոր հին հայկական խաչքարերի ոչնչացումը:

Ունենալով ակնհայտորեն շահադիտական նպատակներ՝ տիկին Բոկովան հետեւողական կերպով մերժում էր ԵՀՄՖ-ի պահանջները, եւ մեր բազմաթիվ նամակ-բողոքներին անորոշ ու անհեթեթ պատասխաններ էին տրվում: ԵՀՄՖ-ը հանդես էր եկել նաեւ հայտարարությամբ, ըստ որի կային հստակ փաստեր Մեհրիբան Ալիեւայի կողմից իրականացված լոբբինգի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու Իրինա Բոկովային փոխանցված 1.5 մլն դոլար գումարի վերաբերյալ: Այնուհետեւ, ԵՀՄՖ-ի բարձրացրած աղմուկի հետեւանքով 2016 թվականին միջազգային ԶԼՄ-ներում (Communist UNESCO Boss Seeks Corrupt Successor to Escape Justice, Bulgarian Unesco Chief And Her Family Own Manhattan Property Worth More Than Usd 3 Million, Bulgarian UN Official’s $ 3 Million Property Questioned, Does Irina Bokova, implicated in corruption scandals, push forward candidate from repressive Azerbaijan for UNESCO Director General?) հայտնվեցին լուրեր, որ տիկին Բոկովան 2.4 մլն ԱՄՆ դոլար կանխիկ գումարով երկու բնակարան էր ձեռքբերել Մանհեթենում, եւ դրա հետքերը տանում էին Ադրբեջան` Ալիեւի վարչակարգի հետ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության կասկածով:

Այդ ընթացքում հայտարարվեց մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թափուր հաստիքի համար, որի արդյունքում 2017 թվականի նոյեմբեր ամսին նշանակվեց նոր գլխավոր տնօրեն՝ Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Օդրի Ազուլայը: Այս օրերին ԵՀՄՖ-ը վերականգնում է իր արշավը Ադրբեջանի դեմ՝ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն տիկին Ազուլային եւ հայտարարելով, որ պատմության մեջ նմանը չունեցող մշակութային ցեղասպանության դասական օրինակ հանդիսացող այս ոճրագործությունն ավելի մեծ հանցագործություն է, քան նույնիսկ թալիբների կամ ԻՊ-ի կողմից կազմակերպված մշակութային կոթողների ու արտեֆակտների ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված ԵՀՄՖ-ի նամակի անգլերեն բնօրինակը եւ հայերեն թարգմանությունը ներկայացվում են ստորեւ. 

Հարգելի տիկին Ազուլայ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նախ եւ առաջ, ցանկանում եմ նշել, որ ԵՀՄՖ-ը հովանոց կազմակերպություն է, որը ներկայացնում է բազմաթիվ հայկական կազմակերպություններ եւ անհատներ ողջ Եվրոպայում: Օգտվելով առիթից՝ Ձեզ դիմում եմ մի հարցով, որով ԵՀՄՖ-ը 2011 թվականից ի վեր դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն խնդիրն առ այսօր մնացել է չլուծված: Խոսքը վերաբերում է Նախիջեւանի Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացմանը:

Ինչպես Դուք, անկասկած, տեղյակ եք, 1998 թվականից մինչեւ 2006 թվականը Նախիջեւանում հազարավոր հնագույն հայ խաչքարեր էին ոչնչացվել: Ոչնչացումն ամբողջական էր՝ այնպես, որ այսօրվա դրությամբ գեթ մեկ կանգուն խաչքար չի մնացել: Հայտնի է, որ ոչնչացումը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հայկական մշակութային ժառանգությունը Նախիջեւանից ջնջելու նպատակով, ինչպես նաեւ ոչնչացնելու ցանկացած նշան, որը կվկայեր, որ  հայերը երբեւէ բնակվել են այս տարածաշրջանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն չմիջամտեց, չնայած 2002 եւ 2004 թվականներին Հայաստանի ու միջազգային հանրության ահազանգերին:

Բացի այդ, ոչնչացման ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն չուղարկեց հանձնաժողով՝ տեղանքն ուսումնասիրելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարզապես դիտում էր, թե ինչպես էին այդ գեղեցիկ եւ լիովին յուրահատուկ հուշարձանները ոչնչացվում, որը հանգեցրեց նրան, որ արհեստի ու արվեստի մի ամբողջ ավանդույթ, այլեւս ոչ մի այլ վայրում չհայտնաբերվելով եւ լինելով եզակի միայն Ջուղայում, հավերժ կորսվեց: Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անտարբեր դիրքորոշումն այս հարցի նկատմամբ հիասթափեցնող եւ անընդունելի է մի կազմակերպության համար, որի նպատակն ու առաքելությունն է պաշտպանել եւ պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը:

Ավելի հիասթափեցնող է այն, որ այս անտարբերության պատճառը, ամենայն հավանականությամբ, կարող էր պայմանավորված լինել Ձեզ նախորդած տիկին Իրինա Բոկովայի՝ Ադրբեջանի կառավարության եւ, մասնավորապես, նրա ներկայիս առաջին փոխնախագահ, Մեհրիբան Ալիեւայի հետ առկա բացասական ասոցիացիաներով: Հուսալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վիճակի է իրականացնել իր առաքելությունն առանց որեւէ կառավարության կողմից անհարկի քաղաքական ազդեցության, մենք խնդրում ենք, որպեսզի հանձնաժողով ստեղծվի՝ ուսումնասիրելու խաչքարերի ոչնչացումը եւ պատասխանատվության ենթարկելու հրեշավոր գործողության համար մեղավորներին: Նամակին կից ներկայացնում ենք մասնագիտությամբ իրավաբան, University College London-ի շրջանավարտ՝ Տաթեւիկ Գրիգորյանի՝ 2007 թվականին գրված «Մշակութային ցեղասպանություն. մոռացված դիսկուրս» մենագրությունը, որն ավելի մանրամասնորեն է անդրադառնում հարցի քննարկմանը:

Հարգանքով` ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյան