Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը կրկին հաղթեցին Անթալիայում

Անթալիա քաղաքում մեկնարկած Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակներով առավելության հասավ ուկրաինուհի գրոսմայստեր Օլգա Բաբիի նկատմամբ եւ տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Նրանից հետ չմնած Լիլիթ Մկրտչյանը, ով խնդիրներ չունեցավ Թուրքիայի ներկայացուցիչ Սիմայ Տանիրի հետ պարտիայում եւ վստահ հաղթանակ տարավ սեւերով: Իսկ ահա հաղթանակով մեկնարկած Աննա Մ.Սարգսյանն այս անգամ միավորը կիսեց վրացուհի Նինո Բաթիաշվիլու հետ մրցամարտում:

Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանն առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում՝ սեւերով պարտության մատնելով ադրբեջանցի Նարմին Սոյունլուին: Սիրանուշ Ղուկասյանը զիջեց ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլինե Գիշարին՝ կրելով առաջին պարտությունը:

Երկու տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 8 շախմատիստուհիներ, որոնց թվում են նաեւ մեր հավաքականի երկու առաջատարները: Վաղը նախատեսված 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի Շոտլանդիան ներկայացնող Կեթեւան Արախամիա-Գրանտի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի անգլուհի Յովանկա Հուսկային:     

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում են 32 երկրների 130 շախմատիտուհի, այդ թվում 64 գրոսմայստեր: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք կնվաճի մասնակցելու 2020թ Աշխարհի Գավաթի խաղարկությանը: