Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Քաղաքականություն

«Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել  օբյեկտիվ որոշում». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանի որոշումը անսպասելի չի եղել Ռոբերտ Քոչարյանի համար: «Այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել  օբյեկտիվ որոշում»,- ելույթում նշել է նախկին նախագահը:

Ապրիլի 11-ին Վերաքննիչ դատարանը մերժեց  Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանական կողմի բողոքը առաջին ատյանի դատարանի՝ պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանի որոշումը բնորոշում է որպես ծայրահեղ խախտում:

«Շատ կոպիտ ձևով Վերաքննիչ դատարանը խախտեց Քրեական դաշտավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա մենք հիմնվում էինք, որովհետև մեր յուրաքանչյուր փաստարկը բավարար էր, որ պարոն Քոչարյանը երեկ ազատ արձակվեր»,- նշեց փաստաբանը:

 Երեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալով նշել է, որ դատարանի որոշումը անսպասելի չէր: Պաշտպանը մեջբերեց նախկին նախագահի արձագանքը իր ազատ արձակվելու դեմ որոշմանը:

«Նախկին նախագահը ասաց, որ մենք  չենք կարող ակնկալել, որ դատավորը այս գործով պիտի նաև հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել  օբյեկտիվ որոշում»:

Պաշտպանական խմբի ներկայացուցիչը նշեց, որ գիտեն, թե ում միջոցով են դատարանին պատվեր տալիս: Պաշտպանը չցանկացավ մեկնաբանել թե խոսքը ում մասին է: Նա հավելեց, որ ժամանակը կգա և անուն առ անուն կհնչեցնեն  անունները:

«Այնպես չի որ այս ամեն ինչը լինելու է միշտ քողարկված: Այս ամեն ինչը մի օր բացահայտվելու է, այս ամեն ինչը մի օր ստանալու է օրինական ընթացք և օրինական լուծում»:

Ինչ վերաբերում է,  Ռոբերտ Քոչարյանին իր հարազատների հետ տեսակցությանը, ապա Հայկ Ալումյանը  փաստեց՝ ապրիլի  3-ին 2,5 տարեկան թոռնիկին և իր մորը չի թույլատրվել տեսակցել Ռոբերտ Քոչարյանին:

«Հետագայում, ապրիլի 4-ին Հատուկ քննչական ծառայության քննիչն ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել թոռնիկի տեսակցությունը պարոն Քոչարյանի հետ»:

Պաշտպանը  հավելեց, որ, այնուամենայնիվ, թոռնիկը մինչև այսօր չի տեսակցել Ռոբերտ Քոչարյանին,  կապված՝ թե ամիսը քանի անգամ կարող են տեսակցություններ լինել: