Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«The Swingles»- ով կտրվի «Երևանյան հեռանկարներ»-ի հոբելյանական տարվա մեկնարկը (տեսանյութ)

«Երևանյան հեռանկարները» իրենց նշաձողից երբևէ չեն իջնում և հոբելյանական այս տարին էլ, փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով, կառանձնանա համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների համերգներով, ովքեր ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ մեր տարածաշրջանում դեռևս հանդես չեն եկել:

Ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  բրիտանական ակապելլա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կտրվի «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական տարվա մեկնարկը:

Կեսդարյա պատմություն ունեցող, հինգ «Գրեմմի» մրցանակի արժանացած «The Swingle Singers» խումբը ստեղծվել է Փարիզում Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչների՝ մասնավորապես, Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, որոնցից մեկը Լեգրանի քույր Քրիստինն էր: Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայնի համար խմբին բերեց համաշխարհային ճանաչում:

Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից և սա արդեն բրիտանական խումբ է, որը ներկայանում է արդեն «Սվինգլ» անվանումով:

Երևանյան համերգին «Սվինգլ»-ները կներկայանան Look Back (ForWard) ծրագրով, որ իրենց փառահեղ հիսունամյա պատմության հետահայաց է: «Սվինգլների» երգացանկը ընգրկում է Բախից մինչև Բիթլզ և մերօրյա ֆավորիտներ, դասականից մինչև ջազ և էթնիկ երաժշտություն:

«Սվինգլների» վոկալով երաժշտական գործիքներ նմանակելը մնում է չգերազանցված:

 

«A1+»-ի հետ զրույցում փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հայտնեց, որ հոբելյանական տարում «Երևանյան հեռանկարները» իրականացնելու են իրենց տարիների երազանքը և հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստը խթանելու նպատակով մեր կոմպոզիտորները պատվերներ կստանան, փառատոնում կատարվելու համար: Քսան երաժշտական կտավ, որից մոտ հինգը խոշոր կտավի՝ սիմֆոնիաներ, օպերա կամ բալետ, նաև կամերային գործեր:

Հիմնականում երիտասարդ կոմպոզիտորներին են պատվիրելու:

Հուսով են, որ ծրագիր շարունակական կլինի և հաջորդ տարի արդեն քսանմեկ գործ կպատվիրեն: Մտադիր են հիմնել նաև ժամանակակից երաժշտության մի համույթ, մենակատարների բարձրորակ, միջազգային չափանիշներով խումբ, որը և կներկայացնի  իրենց կողմից պատվիրված այդ գործերը, նաև այլ ստեղծագործություններ ինչպես Հայաստանում, այնպես և արտերկրում, որով և կբարձրացնեն մեր երկրի հեղինակությունը:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և իրականանում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: