Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Հարությունյան
A A
Հասարակություն

ԲԴԽ նախագահը «հեռախոսային արդարադատության» մասին հարցերը պրիմիտիվ մոտեցում է համարում (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով, այսօր Հայաստանում հնարավորություն կա ունենալ անկախ դատական համակարգ:

Գագիկ Հարությունյանը «հեռախոսային արդարադատության» մասին հարցերը պրիմիտիվ մոտեցում է համարում: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ նոր Հայաստանում դատավորներին զանգեր չեն լինելու:

«Ժամանակին կարող է շատ են եղել զանգեր կամ քիչ, բայց արդարադատության համար երաշխիքները պետք է չորսը լինեն՝ ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական, սոցիալական: Ես խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքներն այսօր էլ անբավարար են և մեր ամբողջ այս գործունեությունն ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը: Եթե ստեղծվում է օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը զրոյացվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ  դատական համակարգի ներկայացուցիչները  դատարան  են դիմել՝  կասկածի տակ դնելով ԲԴԽ նախագահի լեգիտիմությունը, Հարությունյանն ասաց, որ չի մեկնաբանում այդ դատավորների արածն ու ասածը:

«Այդտեղ որևէ օրենսդրական խնդիր առկա չէ ոչ Սահմանադրությամբ, ոչ դատական օրենսգրքով, ոչ էլ մեկ այլ որևէ իրավական ակտով: Նման սահմանափակում գոյություն չունի»,-նշեց Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այստեղ  բացարձակապես որևէ խնդիր չկա: