Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ տրանսգենդերի ելույթի դեմ

Հասարակություն
arp

Ազգային ժողովի դիմաց «Կամք» հասարակական կազմակերպության անդամները և մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ համասեռամոլության քարոզչության։

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը պահանջում է, որպեսզի օրենքով արգելվի համասեռամոլության քարոզչությունը: Հայկ Այվազյանի համոզմամբ՝ թեև օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց կան երևույթներ, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը: «Ազգային ընտանեկան արժեհամակարգը մեր ազգային ինքնության բաղադրիչներից մեկն է: Այն նաև ինքնիշխանության հենասյուներից է, այսինքն, եթե դու կորցնում ես ազգային ինքնությունդ, ուրեմն դու այլևս ինքնիշխան չես»:

Քաղաքացիներն ի աջակցություն ազգային արժեքների պահպանման, խորհրդարանի շենքի դիմաց պարում են։ Ակցիային մասնակցում է նաև տեր Ղազար քահանա Պետրոսյանը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի տեր Հայրը մուտք գործի խորհրդարան՝ նիստերի դահլիճ և օրհնի «սրբապղծված» ամբիոնը։

Ցույցին միացան նաև ԲՀԿ պատգամավորներ, իրենց աջակցությունը հայտնելու ակցիայի մասնակիցներին։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրանց վստահեցրեց՝ օրենքի շրջանակում ամեն ինչ են անելու, որպեսզի արգելվի համասեռամոլության քարոզչությունը: «Մեր ղեկավարի գլխավորությամբ ձեր կողքին ենք, չենք հանդուրժելու ավելորդ եվրոպամոլությունը, չենք հանդուրժելու այն ամեն ինչը, որն ուղղված է մեր ազգին, մեր պետության հիմքերի սասանմանը»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը: