Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գնի համար կմշակվի բանաձեւ. պայմանավորվածություն Մոսկվայում

Տնտեսություն

      Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրվել է  դրական դինամիկա։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականի տվյալներով կազմել է շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար և ավելացել է 2017 թվականի համեմատությամբ 11.2 տոկոսով: Այս մասին նշվել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում՝ Մոսկվայում։ Կողմերը նշել են, որ  կշարունակեն իրականացնել համատեղ աշխատանքներ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Ըստ մամլո հաղորդագրության՝  բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ռուսական կողմի հետ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում հայ աշակերտների համար հայերենը որպես մայրենի և պարտադիր առարկա դասավանդելու խնդիրների վերացման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ լուսավորության նախարարությունը, ՌԴ կրթության կառավարման շահագրգիռ մարմինները և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կաջակցեն հայ խիտ բնակչության վայրերում գտնվող ՌԴ հանրակրթական կազմակերպություններում հայերենի դասավանդման զարգացմանը, որպես մայրենի լեզու և պարտադիր ուսումնական առարկա։ Ռուսական կողմը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր: Անդրադարձել է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ: Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ: Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաև աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ: