Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոյալները Օրբելյանը կփոխանցի հորեղբոր անունը կրող երաժշտական դպրոցին (տեսանյութ)

Հասարակություն
-PgwDPmdEKE

«Իմ անձի և թատրոնի հետ կապված այս վերջին շրջանի խոսակցություններն ու ասեկոսեները լավ փիառ դարձան թատրոնի ու դերասանների համար ողջ աշխարհում»,- կես լուրջ, կես կատակ ասել է այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ լրագրողներին: Նրա խոսքով, այս ամենին քաղաքական աստառ պետք չէ տալ, այդպիսի հարց չկա: «Ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն, սակայն և չեմ կարող դավաճանել մեր թատրոնի դերասաններին ու թողնել գնալ: Սպասում ենք վարչապետի որոշմանը: Որոշումից հետո կտեսնենք: Ասեմ նաև, որ մշակույթի նախարարության կողմից ներկայացված փաստաթղթի բոլոր տասներեք կետերն էլ թերացումներով են»: Հարցազրույցներից մեկում պարոն Օրբելյանը հայտնել էր, որ իր գումարներով գնված ռոյալներն իր հետ տանելու է։ Այսօր նա ասաց, որ որևէ բան Հայաստանից դուրս չի գա, երբ հեռանա՝ գործիքները կփոխանցի իր հորեղբոր՝ Կոնստանտին Օրբելյանի անունը կրող երաժշտական դպրոցին: Օպերային թատրոնի ադմինիստրատիվ պարտքերի հետ կապված ասաց, որ ինքն ընդհանրապես պատասխանատու չէ, քանի որ այս խնդիրն իր օրոք չի եղել: Սա մշակույթի և ֆինանսների նախարարությունների միջև 2015-2017թթ. ծագած ֆինանսական խնդիր է: «Անգամ Նազենի Ղարիբյանն այդ մասին արդեն ասել է իր վերջին հարցազրույցների ժամանակ»,- նշեց պարոն Օրբելյանը: Ինչ վերաբերում է նոր ներկայացումներին ու հյուրախաղերին, ապա նախարարությունից որևէ լումա չեն ստացել և ծախսվել են իր անձնական, ինչպես և  թատրոնի հովանավոր Արդշինբանկի ու մյուս հովանավորների գումարները: Մաեստրոն խոսեց նաև ապագա ծրագրերի, մասնավորապես ԱՄՆ-ի հյուրախաղերի վերաբերյալ, որտեղ հրավիրված են ներկայացնելու  Արամ Խաչատրյանի երեք բալետները և «Անուշը»: Շաբաթ օրը այս հարցերով Օրբելյանը մեկնելու է Նյու-Յորք: Նոր ներկայացումը շատ թանկ հաճույք է, ասաց նա և հայտնեց, որ նախնական պայմանավորվածություն ունի Մեծ թատրոնի հետ յոթ-ութ բալետային և տաս օպերային ներկայացումների դեկորները և հագուստները ձեռք բերելու մասին: Ի դեպ Նազենի Ղարիբյանը ստորագրել է որոշում, ըստ որի բոլոր ՊՈԱԿ-ներն այսուհետ տնտեսական մասով, մասնավորապես գնումների վերաբերյալ գրագրությունը պետք է կատարեն նաև ռուսերեն լեզվով: