Թող փողս տան, գնամ տղայիս տուն առնեմ. Տերյան 18-ի բնակիչ (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կրկին կառավարության դիմաց են, բողոքի ակցիա են իրականացնում: 2004թ. Հյուսիսային պողոտայի և կենտրոնի այլ փողոցների բնակիչների տները քանդվեցին՝ օտարվելով պետության կարիքների համար: Ըստ Ժենյա Պողոսյանի, քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշել էր, որ 1 քառակուսի մետրի համար կվճարեն 1000 դոլար, բայց արդյունքում վճարեցին ընդամենը 230 դոլար: «Պայքարում ենք այդ չտված փողերի համար»,-ասաց Ժենյա Պողոսյանը: Տիկին Ժենյայի տունը գտնվում էր Տերյան 18 հասցեում, 3 հարկանի նորակառույց տուն էր՝ 350 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Փոխհատուցած գումարով Ժենյա Պողոսյանը երկու տուն է գնել՝ իր և մեկ որդու համար: Ընդհանուր գումարը պիտի լիներ 350 000 դոլար, որից միայն տվել են 130 000-ը: «Չնչին գումարով ինձ դուրս հանեցին և մի տղաս հիմա անտուն է, այն դեպքում, երբ ինձ պետք է տեղում տուն տային: Պայքարում եմ չտված փողի համար, որն իրենք գրպանել են, թող տան՝ գնամ տղայիս համար տուն առնեմ»: Հյուսիսային պողոտայի բնակիչները բազմիցս են դիմել թե՛ կառավարությանը, թե՛ քաղաքային իշխանություններին: Վերջին անգամ ապրիլի 2-ին հանդիպել են քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, բայց սայլը տեղից չի շարժվել: Պատճառաբանել են, թե բյուջե չկա: