Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտասի օրը

Մշակույթ

Այսօր` սեպտեմբերի 26-ին, Կոմիտասին առանձնահատուկ առիթով ենք հիշում. Լրացավ նրա ծննդյան 140 ամյակը: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իր համեստ միջոցներով յուրօրինակ փոքրիկ տոն էր դարձրել առիթը:

'Նվիրում Կոմիտասին' խորագիրը կրող ցերեկույթին, որն անց էր կացվում մեծ երգահանի անունը կրող սրահում, հավաքված հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու մանկական երգչախումբը` խմբավար, դաշնակահար Լուսինե Սարգսյանի գլխավորությամբ: Մանկական թովիչ ձայներով համալրված երգչախմբի կատարմամբ հնչեցինԿոմիտասի հայտնի ու անմահ ստեղծագործությունները` 'Ծիրանի ծառն' ու 'Սոնա յարը', 'Կաքավիկն' ու 'Կռունկը'...

Կոմիտասյան մեղեդիների շարքը շարունակեցին և ցերեկույթին էլ ավելի մեծ շուք հաղորդեցին ջութակահար Հենրիետ Վարդանյանը, ֆլեյտահար Մարիամ Մայիլյանը, իսկ Սիմոն Սիմոնյանի ձայնով հնչած 'Մոկաց Միրզեն' ու 'Հորովելը' ներկաների երկարատև ծափահարություններից հետո անհնարին էր, որ չկրկնվեին:

Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանն իր անակնկալն ուներ. Օրվա առիթն այնքան խորհրդավոր էր, որ նա թույլատրեց երկար տարիներ այս սրահում պահվող Կոմիտասի դաշնամուրը ոչ միօայն բացել, այլև հնչեցնել:

Ու թեև գործիքը երկար տարիներ չլարվելու հետևանքով հեռու էր իդեալական հնչողությունից, այնուամենայնիվ նրա մի քանի հնչյունն էլ բավական էր,որ ներկաները հուզվեն, մանավանդ փոքրիկ երգիչները, որոնք մասունքի պես պահվող դաշնամուրի շուրջը հավաքված իրենց իմացած Կոմիտասն էին երգում: Կատա?կ բան է. Այս գործիքով ինքը` Կոմիտասն է նվագել ու ստեղծագործել...

Միջոցառմանը ներկա էր նաև մանկագիր Սուրեն Մուրադյանը, ով իր սրտի և հոգու խոսքն ասաց մեծ երգահանի մասին ու նաև հավաքված փոքրիկներին նվիրեց իր մանկական ստեղծագործությունների վերջերս հրատարակված գիրքը:

Սրահում դեռ երկար պիտի հնչեր հայկական ամենազուլալ Կոմիտասյան նվագն ու երգը, որի ակամա մասնակիցն ասես նաև ինքը` վարդապետն էր: Սարհի պատերին փակցված Կոմիտասի մեծադիր լուսանկարները, նրա կյանքի և գործունեության վկայությունները լուռ վկան դարձան իր իսկ ծննդյան 140-ամյա հոբելյանի: Գոհ էր  լսածներից?...հավանաբար...

Ասենք, ոչ թե նա, այլ մենք պիտի երախտապարտ լինենք նրան` մեր մեծ երգահանին, մեծ հային ու հանճարին:
"Մայրենի լեզվով չխոսելն ու չմտածելը դեռևս ազգուրացություն չէ, նույնիսկ հայրենիքը լքելը դավաճանություն չէ: Ազգուրացություն ու դավաճանություն է այն, երբ մոռացվում են ազգի հանճարեղ, մեծ մեռելները"-մի հայտնի մտածող է ասել: Հիշենք այս խելոք միտքը այն հավատով, որ հատկապես Կոմիտասին այն երբեք չի սպառնա:

Այսօր նրա 140 ամյակն է: