«Մի օր էլ կշռված մարդ էին ուղարկել»
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի Ֆիրդուսի տոնավաճառի հարեւանությամբ պարբերաբար լսվում է.«Ո՞վ է ուզում իմանալ իր ճիշտ քաշը»:
88 -ամյա Խորեն Մուրադյանն իր համար աշխատատեղ է ստեղծել` իր սեփական կշեռքով որոշել է մարդկանց կշռել եւ գումար վաստակել:
Ի դեպ, ամբողջ քաղաքում միայն նա է 20 դրամով կշռում, մնացած վայրերում կշռվելն այսօր նվազագույնը 50 դրամ արժե:
Օրվա ընթացքոում նա մոտ 50 մարդ է կշռում եւ 1000 դրամ վաստակում: 1000 դրամից 300-ը նրա օրական ճանապարհածախսն է:
«Եթե ամբողջ մեկ ամիս գումար հավաքեմ, մեկ անգամ կարելի է գնալ շուկա եւ կվերջանա: Չարդարցնող աշխատանք է, սակայն այս տարիքում ես ի՞նչ անեմ: Եթե չաշխատեմ, կմեռնեմ»,- ասում է նա:
Բացի օրվա ընթացքում 700 դրամ եկամուտից նա նաեւ 19 հազար դրամ թոշակ է ստանում. «Լավ բաներ չեմ ուտում,ծովափ չեմ գնում, սակայն ծայրը ծայրին հասցնում եմ»:
Ի դեպ, առաջին հայացքից այս «թեթեւ» աշխատանքն իր դժվարություններն ունի: Երբեմն հաճախորդներն այնքան էլ չեն ցանկակում իմանալ իրենց իրական քաշը, իսկ 88-ամյա Խորեն պապը ոչ միշտ է կռահում, թե ինչ են ուզում իրենից լսել հաճախորդները. «Իրենք իրենց աչքով տեսնում են, թե քանի կգ են, սակայն վիճում են: Ասում եմ` 20 դրամ եք տալիս, Էդքան նյարդայնացնում եք: Ձեր գումարը չեմ ուզում, գնացեք»:
Տեղի համար նրանից ոչ ոք գումար չի վերցնում. «Ի՞նչ գումար վերցնեն: Նախ սա տեղ էլ չէ, փողոցի վրա կանգնելը շատ անհարմար է: Կուզենայի որեւէ այգում մարդկանց կշռել, սակայն բոլոր այգիների նստարանները վերացրել են, որ մարդիկ ստիպված սրճարանում նստեն: Ամեն տեղ մուտքը գումարով է»:
Խորեն Մուրադյանը նախկինում վարորդ է եղել` Երեւանից տարբեր մարզեր սնունդ է տեղափոխել, սովոր է ակտիվ աշխատանքի, իսկ այսօր գոհ է նաեւ իր այս աշխատանքից: Իր նոր աշխատանքի ընթացքում նա բացահայտել է, որ գեր մարդիկ չեն կշռվում. «Չաղերն ընդհանրապես չեն ուզում իմանալ իրենց իրական քաշը, իսկ մյուսներն էլ կշռվելու դեպքում նույնիսկ 1 կգ-ի համար վիճում են»:
Ի դեպ, 88 տարեկան հասակում էլ հումորը Խորեն պապուն չի լքել: Ինքն իր մասին անեկդոտ է պատմում. «Կալանավորները մեկը մյուսին պատմում են, թե ով ինչի համար է հայտնվել գաղութում: Մեկն ասում է գողություն եմ արել, մյուսը` մարդ եմ սպանել: Մի ծերուկ էլ ասում է: «Ես էլ մարդ էի կշռում: Չաղերին մի 2 կգ պակաս էի ասում, նիհարներին` 2 կգ ավել, որ ուրախանան: Մի օր էլ մոտս կռշված մարդ էին ուղարկել»: Վերջս դա է լինելու»,- ծիծաղելով «Ա 1+ին» պատմեց Խորեն պապը: