«Ոչ թե կրակել, այլ պարել միասին»
Աջակցիր «Ա1+»-ին«Մյուս ափին» գեղարվեստական ֆիլմի հերոս Թեդոն վրաց-աբխազական պատերազմի զավակն է:
Այսպես է նրան բնութագրում վրացական ֆիլմի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլին' ներկայացնելով իր ֆիլմի պատմությունը: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում:
Ֆիլմը վրաց-աբխազական հակամարտության ֆոնի վրա ներկայացնում է 12-ամյա տղայի ճակատագիրը,ներքին կոնֆլիկտը: Պատերազմը խլել էր նրանից ամեն ինչ' ծնողներին, իր տունը, հույսը: Փոքրիկ Թեդոն վրացի էր, սակայն նրա ընտանիքը ապրում էր Աբխազիայում: Պատերազմի հետեւանքով նա մոր հետ արտագաղթել էր Վրաստան, սակայն նրա մահից հետո Թեդոն որոշում է վերադառնալ Աբխազիա եւ փնտրել հորը:
Գեորգի Օվաշվիլիի վստահեցմամբ' սա իրական պատմություն է, որի մասին նա իմացել է'կարդալով իր հին ընկերոջ, վրաց հայտնի նովելագիր Նուգզար Շաթաիձեի «Ճանապարհորդություն դեպի Աֆրիկա» նովելը: Վրաց ռեժիսորը «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց, որ երկար ժամանակ փնտրում էր իր այս առաջին լիամետրաժ ֆիլմի համար նոր թեմա: «Ես հենց սկզբից հասկացա, որ ամենագլխավորն ինձ համար այդ պատմության մեջ ոչ այնքան 2 պետությունների հակամարտությունն է, այլ այդ փոքրիկ տղայի ճակատագիրը, որին ստեղծել էր հենց այդ պատերազմը: Իմ նպատակն հենց Թեդոյի նման երեխաների մասին պատմելն ու հանդիսատեսին եւս մեկ անգամ հիշեցնելն է, թե ստեղծելով նման հակամարտություններ'մենք ինչ ենք անում մեր երեխաների համար»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է վրաց-աբխազական կոնֆլիկտին, Գեորգի Օվաշվիլին նշեց, որ հակամարտության լուծման ուղիների մասին երկար է մտածել: Նրա ասելով' «Մյուս ափին» ֆիլմը ստեղծել է 4 տարվա ընթացքում, ու դա ըստ նրա' շատ փոքր ժամանակահատված է պատասխանելու համար այդ հարցին:
«Այս կոնֆլիկտն արդեն ընթանում է ավելի քան 20 տարի ու լուծում ընդհանրապես չկա եւ ոչ մի հույս էլ չկա, որ այն կլուծվի: Ես չեմ հավատում պաշտոնյաններին, քաղաքական գործիչներին, որոնք իբր ջանում են ուղղել ինչ-որ բան... Որ իբր այդ 2 ժողովուրդները, որոնք իսկապես մնացին միեւնույն գետի 2 տարբեր ափերին, միմյանց հաշտության քայլ կանեն: Ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ մենք' սովորական մարդիկս, հասկանալով, թե ինչ է կատարվել, ինչ ենք արել մեր երեխաների համար, մենք գոնե մեկ քայլ կանենք միմյանց»,- նշեց վրացի ռեժիսորն' ավելացնելով, որ այս գործում իր մեծ դերակատարումն ունի արվեստն ու մշակույթը եւ դա, ըստ նրա'ամենակարճ ճանապարհն է դեպի մարդը, դեպի նրա սիրտը:
Ռեժիսորը հույս ունի, որ այս ֆիլմը դիտելու դեպքում' եւ Վրաստանում, եւ Աբխազիայում գոնե մի մարդ այլ կերպ կմտածի այս հակամարտության մասին, թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ մարդկության վրա: «Եթե շատերը սկսեն այդպես մտածել, միգուցե շատ բան փոխվի: Հայաստանը եւս ունի նման խնդիր' հակամարտություն Ադրբեջանի հետ: Այստեղ ժողովուրդները մեղավոր չեն: Ես ֆիլմում հենց դա էլ ցույց եմ տալիս, որ 2 ժողովուրդներն ընդամենը զոհեր են»:
Ֆիլմի ավարտին, երբ փոքրիկ Թեդոն պարում է աբխազ զինվորների հետ, ռեժիսորն հանդիսատեսին հղում է իր գլխավոր ուղերձը. «Երբ մարդիկ միեւնույն արմատներն ունեն, երբ ժողովուրդներն ունեն ընդհանուր պար, երգ, նրանք չեն կարող տարբեր լինել: Եթե մենք թշնամիներ ենք, ապա հակամարտության լուծման ամենալավ տարբերակը ոչ թե կրակելն է միմյանց վրա, այլ միասին պարելը»: