20 միավոր ստացել է 2 դիմորդ
Աջակցիր «Ա1+»-ինՄաթեմատիկայի միասնական քննություն հանձնողները այսօր բողոքարկում էին իրենց գնահատականները:
ԵՊՀ-ում տեղակայված' մաթեմատիկայի քննության բողոքների ընդունման բաժնում ժամը 13.00-ին արդեն ընդունվել էր 36 դիմում:
Բողոքներն ընդունող Մարիամ Գեւորգյանը «Ա1+»-ին հայտնեց, որ համարյա բոլոր դիմորդները բողոքում են միավորների հաշվարկից, իսկ շատ ծնողներ էլ ասում են, որ խնդիրներ են եղել, որ ծրագրից դուրս են եղել:
«Բալերը սխալ են հաշվել, մի մասին տվյալ առաջադրանքի սխալի համար հանել են 0.25 միավոր, իսկ ինձ 0,5 միավոր են հանել, արդյունքում ես կորցրել եմ 1 միավոր»,- ասաց 17,5 միավոր ստացած Արամ Բայբուրդյանը:
Իսկ մեկ այլ ծնող էլ տեղեկացրեց, որ բեկյալ անկյան մասին խնդիր է եղել, սակայն ծրագրում դրա մասին խոսք չի եղել, դրա համար էլ ցանկանում են բողոքարկել:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը,մաթեմատիկայի միասնական քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 9807 դիմորդ, սակայն մասնակցել է 9437-ը: 334- դիմորդ չի մասնակցել քննությանը:
Ըստ Գայանե Մանուկյանի' մաթեմատիկայի միջին միավորը 10.8 միավոր է: 17.5- 20 միավոր ստացել է 491 հոգի,այսինքն մասնակիցների 5.18%-ը: 13.5-ից-17.25 բալ ստացել է 1981 մասնակից: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1835 դիմորդ: Իսկ 20 միավոր մաթեմատիկայից ստացել է ընդամենը 2 դիմորդ:
ԿԳ նախարարի կողմից հաստատված Միասնական քննությունների արդյունքների գնահատման սանդղակի հենց առաջին կետում նշված է, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաներից 2009 թվականի միասնական քննությունների նախնական 80 միավորանոց սանդղակը համապատասխանեցնել 20 միավորանոց սանդղակի' յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով 0,25 միավոր:
Սակայն բազմաթիվ ծնողներ նշում են, որ հունիսի 9-ին մաթեմատիկայի քննական աշխատանքների 43-50, 69-80 հարցերը գնահատվել են ոչ այնպես, ինչպես նախարարի հրամանում:
«Ա1+»-ին ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը տվյալ առաջադրանքների գնահատումը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ճիշտ պատասխանի համար նիշ է ստանում, իսկ սխալ պատասխանի համար զրո է լինում:Այսինքն, եթե նա գրել է 3 ճիշտ եւ 3 սխալ պատասխան, ամբողջ առաջադրանքից ստանում է 0 միավոր: Իսկ եթե պատասխանում է 4 ճիշտ եւ 2 սխալ, այդ առաջադրանքից 4 հատ 0,25 միավոր կվաստակեր: Իսկ երկու սխալի դեպքում, 2x0,25 դուրս է գալիս, այսինքն` տվյալ առաջադրանքից դիմորդը ստանում է 0,5 միավոր` 20 միավորանոց սանդղակով»:
Գայանե Մանուկյանը ասաց, որ ուղեցույցում այդ մասին նշված է: Իսկ ծնողները տարակուսում են' բա ԿԳ նախարարի հրամա՞ նը:
Ի դեպ
Գնահատման եւ թեստավորման կենտրոնում բողոքարկման հանձնաժողովը , հիմք ընդունելով ՙՄաթեմատիկա՚ առարկայի մասնագիտական խմբի առաջարկը, որոշել է 2009թ. ՙՄաթեմատիկա՚ առարկայի միասնական քննության 1, 2, 3, 4 թեստերի 59, 60, 61, 62 սխալ լուծած կամ չլուծած շրջանավարտների արդյունքները համարել դրական: