Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

21 բողոք չի քննվել

Պաշտոնական

Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ապրիլ ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 35 բողոք: Ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող Գրասենյակի ստացած քաղաքացիների զանգերը բազմաթիվ են: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 35 բողոքներից 21-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից: Այդ հաճախորդներից 5-ն իրավաբանական անձինք են, 7-ի բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքը ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, 3-ի պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած 6 բողոքները կրում են ընդհանուր բնույթ և ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ:

Հաշտարարի քննությանը ենթակա տասնչորս բողոքներից երկուսը ստացվել են գրավոր տեսքով և ներկայումս գտվում են քննության գործընթացում: Երեք հաճախորդներ բանավոր դիմել են Հաշտարարի գրասենյակ, որոնց Գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև առանց գրավոր դիմումի առկայության բանակցել են ֆինանսական կազմակերպությունների հետ: Սրա արդյունքում նշված երեք բողոքները բավարարվել են կազմակերպությունների կողմից' առանց ֆորմալ պահանջը քննության ընդունելու: Մնացած ինը պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում էին, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չէին ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցները օգնել են վերջիններիս ձևակերպել իրենց պահանջները և ուղղել ֆինանսական կազմակերպությանը:

Նախորդ ամսում Հաշտարարի կողմից ստացված վեց գրավոր պահանջներից մեկի վերաբերյալ կայացվել է պահանջը մերժելու վերաբերյալ որոշում, երեք պահանջները բավարարվել են' Հաշտարարի միջամտությամբ հաճախորդին և կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով, իսկ մնացած երկուսի մասով ներկայումս իրականացվում են կողմերի հաշտեցմանն ուղղված բանակցություններ:

Տեղեկատվությունը տրմադրել է Հաշտարարի գրասենյակը: