Մեդալակիրները 0 միավորով
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատը» եւ «Գանձասարը» կրկին պարտվում են: Հայաստանի նախորդ առաջնության մրցանակակիրները ընթացիկ առաջնության 5-րդ տուրում եւս չկարողացան իրենց առաջին միավորները վաստակել:
Կապանում «Գանձասարը» ընդունել էր «Փյունիկին»: Հյուրերի առավելությունը այս խաղում բացահայտ էր: Առաջին կեսում Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ չեմպիոնը բացեց խաղի հաշիվը, իսկ մինչեւ ընդմիջում Գեւորգ Ղազարյանը 2-րդ գնդակը ուղարկեց տանտերերի դարպասը' գործնականում վճռելով խաղի ելքը: 2-րդ կեսում խաղի պատկերը չփոխվեց: Դարձյալ ավելի արդյունավետ էին գրոհում չեմպիոնի խաղացողները, որոնք եւս 2 անգամ ստիպեցին «Գանձասարին» խաղը սկսել կենտրոնից: Կրկին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը այս խաղում խփելով 3 գնդակ դարձավ' հեթ-տրիկի հեղինակ: «Փյունիկը» 5-րդ խաղում անընդմեջ հաղթանակ տոնեց եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում, իսկ նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարը» կրկին պարտվեց եւ 0 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
«Բանանցը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը առաջին կեսում խփեց Արտակ Դաշյանը, որը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: «Արարատը» հերթական պարտությունը կրեց եւ առաջնության միակ թիմն է, որը դեռ չի կարողացել գոնե մեկ անգամ գրավել մրցակիցների դարպասը: Իսկ «Բանանցը» 12 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները վերջին 4 տուրերում նույնքան հաղթանակ են տոնել:
2-րդ խաղում անընդմեջ միավոր կորցրեց «Միկան», որը հյուրընկալել էր «Ուլիսին»: Այս խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի' 0:0: Սա ընթացիկ առաջնության առաջին ոչ-ոքին էր:2 թիմերն էլ վաստակել են 10-ական միավոր եւ ընթանում են 3-4-րդ հորիզոնականներում:
Գյումրիում «Շիրակը» 3:1 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: «Շիրակը» այս հաղթանակից հետո հավասարվեց 6 միավոր վաստակած «Կիլիկիային»: