Երբ ճգնաժամն անցնի
Աջակցիր «Ա1+»-ին«Չեմ ցանկանում այս արդյունքով բավարարվել: Պետք է շարունակեմ մարզումներս եւ փորձեմ հաջողության հասնել նաեւ աշխարհի առաջնությունում եւ օլիմպիական խաղերում»,-այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Եվրոպայի ծանրամարտի 2009 թ. չեմպիոն Արայիկ Միրզոյանը:
69 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալի արժանացած Արայիկը օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է: Ավագ Միրզոյանը, որի գլխավորությամբ էլ Արայիկը պատրաստվել էր առաջնությանը, ընդգծեց, որ իր համար շատ դժվար էր հետեւել որդու գործողություններին. «Ինձ համար հեշտ է, երբ ես եմ դուրս գալիս մրցահարթակ: Ուրախություն շատ մեծ էր, երբ Արայիկը նվաճեց չեմպիոնի կոչումը»:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 2 արծաթե մեդալի էր արժանացել կանանց պայքարում: Փոխչեմպիոն էին դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նազիկ Ավդալյանը: Հայ մարզուհիների մարզիչ Արտաշես Ներսիսյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ հավաքականի կազմը վերջին շրջանում անփոփոխ է. «Ցավալի է, որ ազգային հավաքականը վերջին շրջանում չի համալրվում: Հայաստանում քչերն են ցանկանում զբաղվել կանանց ծանրամարտով եւ դա մեր մենթալիտետի հետ է կապված: Բայց ամեն դեպքում եղած կադրերով էլ մենք կարող ենք առաջիկա տարիներին լավ արդյունքների հասնել»:
Ասուլիսի ընթացքում խոսեց նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, որի կարծիքով հաջողության հասած մարզիկները չպետք է տարվեն աստղային հիվանդությամբ. «Մարզիկը չեմպիոն է մրցաշարի օրը, իսկ հաջորդ օրվանից նա սովորական մարզիկ է եւ պետք է պատրաստվի հաջորդ մրցումներին: Ասվածը վերաբերվում է բոլոր մարզաձեւերին, քանի որ հաջողություններից հետո շատերը նախկինի պես չեն մարզվում եւ հետագայում լավ արդյունքները չեն կրկնվում»:
Հայաստանը ծանրամարտում դասվում է աշխարհի ուժեղագույն երկրների շարքին բայց մեր հանրապետությունում վերջին տարիներին որեւէ միջազգային մրցաշար չի անցկացվել: «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է Երեւանում կազմակերպվել Եվրոպայի կամ աշխարհի որեւէ տարիքային խմբի առաջնություն, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Ներկայումս ֆինանսատնտեսական ճգնաժամ է, որը ազդել է ողջ աշխարհի վրա եւ նման իրավիճակում միջազգային խոշոր մրցաշար Հայաստանում կազմակերպելը բարդ է: Մենք մտածում ենք մեր երկրի մասին եւ երբ կկարգավորվի այս իրավիճակը, ապա անպայման որեւէ մրցաշար կկազմակերպվի»:
Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանում Եվրոպայի որեւէ տարիքային խմբի առաջնություն անցկացնելու համար առնվազն անհրաժեշտ է 300 հազար եվրո: Այդ գումարի զգալի մասով պետք է ձեռք բերվի համապատասխան գույք: