Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարամյանները` գոլերի հեղինակ

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները կրկին աչքի են ընկել Ռումինիայի ընթացիկ առաջնությունում: Երկվորյակ եղբայրների արդյունավետ խաղի շնորհիվ «Տիմիշոարան» 3:0 հաշվով հաղթել է «Պոլիտեխնիկա Իասիին»:

26-րդ տուրի այս խաղում մեդալների համար պայքարող «Տիմիշորան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Պոլիտեխնիկային»: Արդեն 12-րդ րոպեին արագ հակագրոհի արդյունքում Արման Քարամյանը բացել է խաղի հաշիվը: 55-րդ րոպեին տանտերերին հաջողվել է 2-րդ գնդակը ուղարկել հյուրերի դարպասը: Ցավոք, 58-րդ րոպեին Արման Քարամյանը ծնկի վնասվածք է ստացել եւ փոխարինվել, իսկ ահա Արտավազդ Քարամյանը շարունակել է հանդիպումը եւ 84-րդ րոպեին հաշիվը դարձրել 3:0:

Այս հաղթանակից հետո «Տիմիշոարան» 49 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: 52 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բուխարեստի «Դինամոն», իսկ 2-րդ տեղում ընթացող «Ունիրեան» վաստակել է 50 միավոր: