Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպարովը լավատես է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովի թիմը` իրանական ՚Տերակտորըՙ, շարունակում է պայքարը Իրանի գավաթի խաղարկությունում, իսկ ահա առաջին խմբում թիմը ընթանում է 2-րդ հորիզոնականում:

՚Գավաթի խաղարկությունում մեր թիմի գործերը հաջող են ընթանում: 1/8-րդ եզրափակիչում դժվարին հաղթանակ տոնեցինք հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ եւ դուրս եկանք քառորդ եզրափակիչ: Հաջորդ փուլում մեր մրցակիցը կարող է լինել իմ նախկին թիմը` ՚Ռահ Ահանըՙ, որը քառորդ եզրափակիչ դուրս կգա ՚Բարղինՙ հաղթելու դեպքումՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Կասպարովը:

Փորձառու դարպասապահը առայժմ տեղյակ չէ, թե որքան կշարունակի ելույթները Իրանում: Շատ բան կախված է նրանից, թե արդյոք ՚Տերակտորըՙ իրավունք կստանա հանդես գալ բարձրագույն խմբի առաջնությունում. ՚Առայժմ առաջին խմբի առաջնությունում ընթանում ենք 2-րդ տեղում: Բարձրագույն խմբում հայտնվելու համար անհրաժեշտ է, որ գրավենք առաջին հորիզոնականը: Առաջատարին զիջում ենք 6 միավորով: Բայց դեռ 10 տուր առջեւում է եւ կարող ենք դառնալ հաղթողՙ:

Մարտի 23-ին Կասպարովը կլինի Երեւանում եւ Հայաստանի հավաքականի կազմում կպատրաստվի մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին Էստոնիայի հետ կայանալիք ընտրական հանդիպումներին: Մերձբալթյան հանրապետության հետ հանդիպումներից Գեւորգը մեծ սպասելիքներ ունի. ՚Ես միշտ լավատեսորեն եմ ժամանում հավաքականի ճամբար: Անկախ նրանից թե ով է լինում մեր մրցակիցը ես հավատում եմ դրական արդյունքին: Այս անգամ եւս ակնկալում եմ, որ հաջող ենք հանդես գալու: Հետաքրքիր կլինի Էստոնիայի հետ նախ մրցել Երեւանում, ապա Տալինում: Կարծում եմ` մենք կարող ենք այս խաղերում ուրախացնել հայ ֆուտբոլասերներինՙ: