Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տալինում Հայաստանին կաջակցեն

Սպորտ

Մերձբալթյան երկրներում բնակվող հայ երիտասարդները պատրաստվում են ներկա գտնվել ապրիլի 1-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք Էստոնիա-Հայաստան ֆուտբոլային մրցավեճին: 2010 թ. աշխարհի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք այս հանդիպումը կայանալու է 17 հազար նստատեղ ունեցող ՚Լե Կոք Արենաՙ մարզադաշտում:

Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան,ընդառաջելով հայ ֆուտբոլասերներին, մարզադաշտում հատուկ տրիբունա է առանձնացրել, որպեսզի հայերը միասին կարողանան դիտել հանդիպումը: Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նաեւ հատուկ զեղչեր են արվել: Հանդիպման տոմսերը արժեն 300 կրոն (12 եվրո), սակայն հայերին էստոնացիները տոմսերը տրամադրելու են 250 կրոնով:

Հայ ֆուտբոլասերներին հավաքագրելու գործընթացը ներկայումս սկսել է Էստոնիայի հայ երիտասարդների միությունը, որը պատրաստվում է Հայաստանից բերել Հայաստանի հսկայական եռագույն դրոշը: Եթե հավաքագրվեն համապատասխան քանակությամբ ֆուտբոլասերներ, ապա մարզադաշտում կծածանվի շուրջ 150 նստատեղ փակող եռագույնը:

Էստոնիայի հայ երիտասարդների միությունը կոչ է արել նաեւ նախաձեռնությանը միանալ մերձբալթյան մյուս հանրապետություններում` Լիտվայում եւ Լատվիայում բնակվող հայերին:

Հիշեցնենք, որ մինչեւ Տալինում կայանալիք հանդիպումը Հայաստանը եւ Էստոնիան մարտի 28-ին կհանդիպեն Երեւանում` Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում: