Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Միայն տեսական հնարավորություն

Սպորտ

Հայ շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Զավեն Անդրեասյանը եւ Արման Փաշիկյանը դեռ տեսականորեն հավակնում են մեդալի Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս շախմատիտսները վաստակել են 4.5-ական միավոր եւ ընթանում են 37-78-րդ հորիզոնականներում:

7-րդ տուրում Հակոբյանը եւ Անդրեասյանը ոչ-ոքի խաղացին, իսկ ահա Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը եւ Արթուր Չիբուխչյանը հաղթեցին իրենց մրցակիցներին: Պարտություններ կրեցին Տիգրան Պետրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Պետրոսյանի համար սա 2-րդ անընդմեջ անհաջողությունն էր:

Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Անդրեյ Վոլոտկինը, որին հաջորդում են 5.5-ական միավոր վաստակած Էռնեստո Ինարկիեւը եւ Սանան Սյուգիրովը:

Եթե տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչները առաջատար դիրքերում չեն, ապա կանանց պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչման ռեալ հավակնորդ է համարվում Լիլիթ Մկրտչյանը: Սանկտ Պետերբուրգում ընթացող առաջնության 5-րդ տուրում Մկրտչյանը սեւերով հաղթեց Տատյանա Շադրինային եւ 4.5 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Նույնքան միավոր է վաստակել նաեւ առաջատար Թան Հոանգը, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել Լիլիթից: Մեր մյուս շախմատիստուհիները առայժմ ավելի համեստ արդյունքներ են ցույց տալիս:

Ստամբուլում ընթացող կանանց Գրան Պրի խաղարկությունում եւս կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Էլինա Դանիելյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանը ներկայացնող Զեյնաբ Մամեդյարովայի հետ, որը մինչ այս միավոր չէր վաստակել: Դանիելյանը 3 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: