Մեծ առաջնություն փոքր լողավազանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուժեղագույն լողորդները մարտի 17-ին, 18-ին եւ 19-ին կմրցեն հանրապետության բաց առաջնությունում: Հայաստանի 2009 թ. առաջնությունը կկայանա Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի դպրոցի 25 մ երկարություն ունեցող լողավազանում, մինչդեռ Հայաստանում այսօր գործում է 50 մ երկարություն ունեցող 2 լողավազան:
՚Ա1+ՙ-ի այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի առաջնությունը անցկացվում է ոչ թե 50, այլ 25 մ երկարություն ունեցող լողավազանում, Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը ասաց. ՚50 մետրանոց լողավազան գործում է Ծաղկաձորում եւ Երեւանի Կոմիտաս փողոցի վրա գտնվող ՚Գոլդ ջիմՙ մարզահամալիրում: Նրանք երկուսն էլ սեփական կառույցներ են եւ մենք հնարավորություն չունենք այնտեղ անցկացնել առաջնությունՙ:
Միջազգային մրցաշարերը անցկացվում են 50 մ երկարություն ունեցող լողավազաններում եւ պատահական չէ, որ հայ լողորդները, ունենալով 25 մետրի փորձ, հաճախ արտասահմանում իրենց հնարավորություններից ցածր են հանդես գալիս:
Ինչեւէ, Հայաստանի առաջնությանը այս տարի կմասնակցեն մոտ 120 մարզիկներ եւ մարզուհիներ: Առաջնությունում հանդես կգան թե մեծահասակները, թե երիտասարդներn ու պատանիները: Իգոր Սաֆարյանը հայտնեց, որ առաջնությունում ելույթ են ունենալու Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի լողորդները, իսկ ահա Հայաստանի մյուս բնակավայրերից մասնակիցներ չկան: Պատճառը այն է, որ լողով զբաղվում են միայն վերը նշված 3 քաղաքներում: