Հաջորդ մրցակիցը Ռաջաբովն է
Աջակցիր «Ա1+»-ինԼինարեսի շախմատային սուպերմրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, որին սեւերով հաղթել էր առաջին շրջանում:
Լինարեսում հաջող հանդես եկող Անանդին այս անգամ հաջողվեց խուսափել պարտությունից: Գրանցվեց ոչ-ոքի: 9-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով շարունակում է գլխավորել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը: Վերջինս մրցաշարի միակ մասնակիցն է, որը առայժմ պարտություն չի կրել: 9-րդ տուրում Գրիշչուկը սեւերով ոչ-ոքի խաղաց չինացի Վանգ Յուի հետ:
2-րդ տեղում ընթանում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը ինչպես եւ Արոնյանը վաստակել է 5 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Մագնուս Կառլսենը, որը հանգրվանել է 4-րդ հորիզոնականում: Կառլսենը 8-րդ տուրում Լեւոն Արոնյանից կրած պարտությունից հետո չընկճվեց եւ հաջորդ տուրում սեւերով հաղթեց կուբացի Դոմինգեսին:
Առջեւում 10-րդ տուրն է, որում Լեւոն Արոնյանը սեւերով մրցելու է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ: Լեւոնին շատ լավ ծանոթ մրցակիցը 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 10-րդ տուրի կենտրոնական խաղում կմրցեն 1-ին 2 հորիզոնականներում գտնվող մասնակիցները` Գրիշչուկը եւ Իվանչուկը: