Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում այլեւս աշխատանք չեն առաջարկում

Հասարակություն

Նման մտահոգություններ առաջացել են Ռուսաստանում արտասահմանյան աշխատուժի նկատմամբ խտրականության նշանների եւ տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա:

Վահե Ավանեսյան, Մոսկվա, Նելլի Բաբայան, Երեւան

Մինչ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ, Հայաստանում մտահոգվում են, որ այս միջոցառումները կարող են գործազուրկ դարձնել այնտեղ աշխատող կես միլիոնից ավելի հայերին. սա իր հերթին աղքատության եզրին կհասցնի նրանց ընտանիքներին:

Անցյալ ամիս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով կրճատել արտըասահմանյան աշխատուժի քվոտաները՝ աշխատանքի ընդունման ժամանակ նախապատվությունը տալով Ռուսաստանի քաղաքացիներին: Արդյունքում՝ ՌԴ-ում բնակվող Խորհրդային միության միլիոնավոր նախկին քաղաքացիներ հայտվում են գործազրկության վտանգի առջեւ:

Իր այս հայտարարությունը հիմնավորելով՝ Մեդվեդեւը բերում է Ինգուշեթիայի օրինակը:

՚Երկրում գրանցվել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշը՝ 57 տոկոս: Եւ չնայած այս հանգամանքին՝ նրանց մոտ այժմ արտասահմանից հրավիրված 4,000 մասնագետ է աշխատումՙ, բացատրում է Մեդվեդեւը:

Ըստ որոշ հայ տնտեսագետների վերլուծությունների` Ռուսաստանում հայազգի աշխատանքային միգրանտների թիվը 600 հազար է: Նրանց կարծիքով՝ ճգնաժամի եւ Մեդվեդեվի կոչի հետեւանքները զգալի կլինեն մոտ ապագայում:

Ըստ ՌԴ կառավարության կանխատեսման՝ 2009-ին տնտեսական աճը կկրճատվի 2,2 տոկոսով, մինչդեռ այժմ աշխատավարձի պարտքերը արդեն վնաս են հասցրել կես միլիոն մարդկանց:

՚Հայերը հիմնականում զբաղված են շինարարության ոլորտում, իսկ դա սեզոնային աշխատանք էՙ, - ասում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը՝ բացատրելով, թե ինչու ճգնաժամի հետեւանքները հատկապես զգալի կլինեն գարնան սկզբին:

Հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են այն մասնավոր դրամական փոխանցումների հաշվին, որոնք ուղարկում են Ռուսաստանում աշխատող իրենց ազգականները, հարազատները: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների 70%-ը կատարվում է Ռուսաստանից:

Կառլեն Միքայելյանը, որը բնակվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, 10 տարուց ավելի է արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Պերմ քաղաք: Նա ասում է, որ անում է այն` ինչ պատահում է. ասֆալտապատելուց սկսած մինչեւ բնակարանների վերանորոգում եւ շինանարարություն:

՚Եթե մնամ գյուղում չեմ պատկերացնում, թե ի՞նչ եմ անելու մի հատ կովով ու կարտոշկա ցանելով: Պերմում աշխատելու ժամանակ ես ամիսը 500-800 դոլարի չափ փող էի ուղարկում տունՙ:

Միքայելյանի խոսքերով՝ եթե այս անգամ էլ մեկնի Պերմ ու աշխատանք գտնի, հույս չունի, որ նախկինի նման բարձր կվարձատրվի:

Աշխատանքային միգրացիայի հոսքի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի գյուղական բնակչությունը, միգրանտների 1/4-ը եղել են Երեւանից, մնացած 30%-ը՝ այլ բնակավայրերից: ԵԱՀԿ զեկույցի համաձայն, հարցված միգրանտների վստահեցմամբ՝ դրսում աշախատելով՝ վաստակել են ամիսը միջինը 660 դոլարից ոչ պակաս, մինչդեռ Երեւանում նույն աշխատանքի դիմաց երեք անգամ պակաս գումար են ստանում:

Գայանե Հակոբյանն անհանգսացած է. ամուսինը Մոսկվայում է աշխատում, բայց արդեն զանգահարել է տուն՝ զուգաշացրել, որ իրենց ծախսերը կրճատեն, քանի որ չի կարող մոտակա ամիսներին գումար ուղարկել. աշխատավարձ չեն տվել ու հույս էլ չկա որ կտան:

Սիրանույշ Զադոյանի պատմելով՝ ամուսինը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն եթե Երեւանում իր մասնագիտությամբ աշխատի, չի հասցնի ընտանիքի անգամ տարրական հոգսերը հոգալ: Սիրանույշի ամուսինը պատրաստվում է մոտ օրերս մեկնել Իրկուտսկ: Ամեն տարի նա մեկնում է շինարարական աշխատանքներում ներգրավվում:

՚Դե հիմա Ռուսաստանում էլ գործ չկա, մարդկանց ձեռքը փող չկա, որ ռեմոնտ անեն, կամ շենք սարքեն, իմ ամուսինն էլ հենց նման գործեր է կատարում: Եթե գործ չճարի Իռկուտսկում, մենք սոված կմեռնենք: Այստեղ էլ մի կարգին գործ չկաՙ, ասում է Սիրանույշը:

Հայաստանի գյուղական շրջանների բնակչության համար աշխատանք գտնելը հատկապես ծանր է, իսկ այժմ նրանք սարսափում են հայրենիքում աշխատանք փնտրելու ապագայից: Հայաստանի՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի բնակիչ Բագրատ Սանոյանը շատերի պես ստիպված է գուշակել, արդյո՞ք կկարողանա աշխատանք գտնել Ռուսաստանում այս տարի, թե՝ ոչ:

՚Անցյալ տարի 7 ամսում ընդամենը 2.600 դոլար եմ ուղարկել ընտանիքիս: Բայց դե մեկ է, հազիվ ենք ծերը ծերին հասցնում: Պատճառն էլ մեկն է. մինչեւ իմ մեկնելը անպայման ընկնում ենք պարտքերի մեջ: Ուղեւորությունն էլ է պարտքովՙ, - ասում է գյումրեցին:

Այնուամենայնիվ, Սանոյանի նմանները դժվար թե կարողանան աշխատանք գտնել Ռուսաստանում, որտեղ Մեդվեդեւի հայտարարությունը ողջունել են ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ հասարակ քաղաքացիները: Իր ազգայնական հայացքներով հայտնի Վլադիմիր Ժիրինովսկին՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը, ավելի կտրուկ կերպով հայատարարեց, որ այսուհետ Ռուսաստանում ընդհանրապես պետք է դադարեցնել արտասահմանցիներին աշխատանքի ընդունելը:

՚Մենք ինքներս մեր խնդիրները կկարգավորենք: Ո'չ օտարերկրացիների կարիքն ունենք, ո'չ էլ նրանց համար աշխատանք ունենքՙ, IWPR-ի հետ զրույցում հայտարարեց Ժիրինովսկին:

Ռուսաստանյան մյուս քաղաքական գործիչները նույնպես շտապել են քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ: Այսպես՝ Մոսկվայի քաղաքապետարանը Յուրի Լուժկովի գլխավորությամբ նոր կանոնադրություն է հաստատել, որի համաձայն՝ փետրվարի 1-ից օտարերկրացիները պարտավորվում են նախքան ոստիկանությունում իրենց ներկայության արձանագրման գործընթացը ներկայացնել բնակարանի վարձակալության փաստաթղթերը: Սա դժվարին կացության մեջ է դնում օտարերկրացիներին, քանի որ գրանցման առաջին փուլի մինիմալ տեւողությունը 7 օր է, սակայն ոստիկանությունում պարտադիր գրանցումը պետք տեղի ունենա ժամանման պահից երեք օրվա ընթացքում:

՚Եթե մոսկվացին աշխատանք է փնտրի, մենք անպայման կաջակցենք նրան, սակայն եթե նման խնդրանքով դիմի օտարերկրացին, ստիպված կլինենք ասել ՚ների'ր, եղբա'յրՙՙ, ըստ ՚Ռիա Նովոստիՙ լրատվական գործակալության՝ հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանի սպառողական ծառայությունների վարչության պետ Վլադիմիր Մալիշկովը:

Մոսկվայի եւ նրա շրջակայաքի ոստիկանությունը ավելի հաճախ է կովկասցի աշխատողներով լի շուկաներում ստուգայցեր կազմակերպում՝ ապօրինի միգրանտներին ձերբակալելու նպատակով:

՚Անցյալ շաբաթվա վերջին նրանք կրկին եկան ստուգայցով: Ոչ բոլորն ունեին պահանջվող փաստաթղթերը, իսկ ոստիկաններն էլ այս անգամ ավելի խիստ գտնվեցին: Իմ ծանոթ ոստիկաններից մեկն ասաց, որ ոչնչով չի կարող օգնել, եւ որ իրենք վտարման հրահանգ էին ստացել: Հենց այդ օրն էլ շուկայի 10 աշխատողների արտաքսեցին երկրիցՙ, ասում է Մոսկվայի շրջակայքի շուկաներից մեկի ադրբեջանցի սեփականատերը, ով չցանկացավ իր անունը հայտնել:

Հայերի հույսն այն է, որ կկարողանան այնպիսի աշխատանք ստանալ, որից իրենք՝ ռուսները, հրաժարվում են: Պավել Գրիգորյանը դեռեւս 1996թ-ից Ռուսաստանում ռեստորանային բիզնեսով է զբաղվում: Նրա հավաստմամբ՝ միշտ ստիպված է լինում սեւագործ աշխատանքի օտարերկրացիների ընդունել:

՚Վերջերս անընհատ փորձում եմ աշխատանքի հրավիրել ռուսներին: Բայց ՌԴ քաղաքացիություն ունեցողները պարզապես չեն ցանկանում աշխատել որպես հավաքարարներ ու սպասք լվացողներ, նույնիսկ եթե միգրանտներին վճարած աշխատավարձից շատ ավելին եմ առաջարկումՙ, բողոքում է Գրիգորյանը:

Վահե Ավանեսյանը ազատ լրագրող է Մոսկվայում: Նելլի Բաբայանը ՚Առավոտՙ օրաթերթի լրագրող է Երեւանում: Նյութի պատրաստմանն աջակցել են՝ IWPR-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սեդա Մուրադյանը եւ Գյումրիից ազատ լրագրող Երանուհի Սողոյանը:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR ՚Կովկասյան լրատուՙ պարբերականից: