Իվանչուկը շրջանցում է Լեւոնին
Աջակցիր «Ա1+»-ինՀաջող մեկնարկից հետո Լեւոն Արոնյանը ձախողեց Լինարես սուպերմրցաշարի առաջին շրջանի վերջնամասը: 6-րդ տուրում Ալեքսանդր Գրիշչուկից կրած պարտությանը հաջորդեց 7-րդ տուրում Իվանչուկի հետ անհաջող պարտիան:
Արոնյանը ելույթ էր ունենում սպիտակներով, սակայն հայ շախմատիստին չհաջողվեց նույնիսկ կես միավոր վաստակել:
Իվանչուկը հաղթեց այս պարտիայում: Լեւոն Արոնյանը եւ ուկրաինացի հայտնի գրոսմայստերը միմյանց շատ լավ ծանոթ մրցակիցներ են: Վերջին տարիներին այս շախմատիստների միջեւ բազմաթիվ հանդիպումներ են կայացել: Սկզբում որպես կանոն հաղթում էր Իվանչուկը, իսկ վերջին 1.5 տարում հաջողությունը հիմնականում ուղեկցում էր Արոնյանին: Բայց Լինարեսում անհաջող պարտիաները շարքը ընդհատեց ուկրաինացին, որին հաղթանակը թույլ տվեց շրջանցել Լեւոն Արոնյանին: Այժմ Իվանչուկը 4 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր է վաստակել նաեւ նորվեգացի Մագնուս Կառլսենը: Արոնյանը 3.5 միավորով ընթանում է 4-րդ տեղում:
Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսանդր Գրիշչուկը, որը վաստակել է 5 միավոր: Այս տուրում Ռուսաստանի ներկայացուցիչը սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Անանդը, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտ, 3.5 միավորով ընթանում է միայն 5-րդ հորիզոնականում:
Այսօր Լինարեսի մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ վաղը 8-րդ տուրի հանդիպումներով կմեկնարկի 2-րդ շրջանը: Արոնյանը սեւերով կմրցի Մագնուս Կառլսենի հետ: Գրիշչուկը սպիտակներով հանդես կգա ընդդեմ Դոմինգեսի: