ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ Է
Աջակցիր «Ա1+»-ին
Երկքաղաքացիությունն իրավական ինստիտուտ է, որը կարող է ծառայել տարբեր քաղաքական նպատակների:
Այն հիմնականում կիրառում են նախկին գաղութատիրական երկրները, որոնք հետագայում փորձում են կապ պահպանել առանձնացված գաղութների հետ: Այդ պատճառով Իսպանիան իր Սահմանադրությամբ նորմ է սահմանել, համաձայն որի երկքաղաքացիությունը կարող է թույլատրել միաջազգային պայմանագրերով` լատինաամերիկյան երկրների հետ: 90-ականների սկզբին եւ կեսին նույն քաղաքականությունն էր որդեգրել նաեւ Ռուսաստանը: ՌԴ-ն ցանկանում էր երկքաղաքացիության վերաբերյալ պայմանագրեր կնքել բոլոր ԱՊՀ երկրների հետ, սակայն փորձը տապալվեց: ՌԴ-ն հասկացավ, որ սոցիալական տեսանկյունից, այդ քաղաքականությունն իրեն չի արդարացնի, որովհետեւ երկքաղաքացիություն ստացողները հիմնականում ապրելու էին ՌԴ-ում եւ անհրաժեշտ էր լուծել նրանց աշխատանքի, սոցիալական ապահովագրության եւ այլ խնդիրները:
«Երկքաղաքացիությունն այս կամ այն քաղաքականության համար ծառայող գործիք է»,- գտնում է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը: ՀՀ-ի պարագայում հարցը պարոն Պողոսյանը դիտարկում է մի քանի տեսանկյունից.«Առաջին` ունենք սփյուռք: Երկրորդ` ՀՀ ազգային անվտանգությունը բավականին խոցելի է, որովհետեւ շատ մեծ կախվածության մեջ է հզոր պետություններից, այդ թվում` մեր «ռազմավարական դաշնակից» ՌԴ-ից: Սահմանադրության մեջ երկքաղաքացիության խնդիրն ամրագրելիս` պետք է հաշվի առնենք առնվազն այդ հանգամանքները»,- նշեց նա:
Սփյուռքի հետ հարաբերությունները Վարդան Պողոսյանը համարում է էմոցիոնալ բնույթի, իսկ գործնականում որեւէ արգելք չի տեսնում գործող կարգավորումները նորմալ աշխատեցնելու համար: Պարոն Պողոսյանը չի կարծում, որ ՀՀ Սահմանադրության մեջ երքաղաքացիության հարցի ամրագրումը հրատապ խնդիր է սփյուռքի համար` չբացառելով այն դեպքերը, երբ ԱՄՆ-ի հայ քաղաքացին, երկար ժամանակ բնակվելով ՀՀ-ում, ցանկանում է այստեղ քաղաքացիություն ձեռք բերել, սակայն չհրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. «Հաշվի առնելով ՀՀ-ի այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, այդ մարդկանց ցանկությունը լիովին հասկանալի է: Եթե նման մարդկանց քաղաքացիություն շնորհելիս` Սահմանադրության մեջ չլինի արգելող դրույթ, ապա ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ չենք ունենա: Խնդիրներ կծագեն, եթե երկքաղաքացիության մոդելն ընդունենք ծայրահեղ դրսեւորմամբ: Այսինքն` եթե անկախ նրանից` անձը մշտապես բնակվում է ՀՀ-ում, թե` ոչ նրան շնորհվեն ՀՀ քաղաքացիներին հավասար լիազորություններ, այդ թվում` ընտրելու իրավունք: Այդ դեպքում, ազգային անվտանգության տեսակետից, հսկայական խնդիրներ կառաջանան: Ըստ էության ՀՀ-ի ճակատագիրը կորոշվի ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում»:
Սահմանադրական իրավունքի մասնագետը նաեւ հիշեցրեց, որ ԱՄՆ-ն չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտը: Այն հայտարարությունը, թե աշխարհի բոլոր հայերը իրավունք ունեն ստանալ ՀՀ քաղաքացիություն, ընդամենը սիմվոլիկ բնույթ կկրի: Իրավական տեսանկյունից ամերիկահայը, ֆրանսահայը, իրանահայը լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որովհետեւ այդ երկրները չեն ընդունում կրկնակի քաղաքացիությունը: Եթե, նույնիսկ ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ պայմանագիր կնքվի, չպետք է գնալ այն ծայրահեղ լուծման. ՀՀ-ում մշտապես չբնակվող երկքաղաքացիներն չպետք է ունենան ընտրելու իրավունք: Մնացած խնդիրները` հարկերի վճարումը, զինվորական ծառայության իրականացումը տեխնիկապես լուծվող խնդիրներ են: Միջազգային պրակտիկան ընթանում է այն ուղղությամբ, որ քաղաքացին իր այդ պարտականություններն իրականացնում է այն երկրում, որտեղ մշտապես բնակվում է:
Կոալիցիայի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծում երկքաղաքացիությունը արգելող դրույթը հանված է: Այսինքն՝ խնդիրը պետք է կարգավորվի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով: Երկքաղաքացիության ինստիտուտն ընդունելու դեպքում, եթե չառաջնորդվենք համաչափ մոտեցումներով, հակառակ դեպքում՝ ազգային անվտանգության խնդիրը կլինի գերիշխող եւ ՀՀ-ն կդառնա գործիք գերտերությունների ձեռքում»,- վստահ է Վարդան Պողոսյանը: Նա ուշադրություն է հրավիրում նաեւ մեկ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանքի. «Եթե ընդունում ենք երկքաղաքացիության ինստիտուտը եւ քաղաքացուն չենք տալիս քաղաքական որեւէ իրավունք, ապա նրանց կարգավիճակը որեւէ կերպ չի տարբերվելու ներկա օրենքով նախատեսված հատուկ կեցության վիճակից: Նման խնդրի առաջ չկանգնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում մշտապես բնակվող երկքաղաքացին բացի ընտրելու իրավունքից, կարողանա անցնել նաեւ քաղաքացիական ծառայության»:
Բոլոր դեպքերում, պարոն Պողոսյանը միանշանակ դեմ է, որ երկքաղաքացին կարողանա օգտվել ընտրական պասիվ իրավունքից, այսինքն՝ ընտրվելու.«Չպետք է լինի որեւէ ՀՀ պատգամավոր կամ նախագահ, որը միաժամանակ հանդիսանա այլ երկրի քաղաքացի: Այն պարզ պատճառով, որ նրանք պարտավոր են ծառայել միայն ՀՀ-ին եւ չպետք է ունենան որեւէ իրավական կապ կամ պարտավորություն այլ երկրի նկատմամբ»:
ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ