Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Մարզեր


Համայնքի հողատարածությունները ջրվում են միայն աստծո կամոք, եթե անձրեւ է գալիս, քանի որ այստեղ չի հասնում ոռոգման ջուրը: Գյուղի երեխաներն էլ ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում են երեք կիլոմետր հեռու գտնվող հարեւան գյուղի դպրոցում: Այստեղի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհները անանցանելի են դառնում անձրեւային եղանակներին: Այսպիսին է Շիրակի մարզի Հայկասար համայնքի ընդհանուր պատկերը:


Արթիկի տարածաշրջանի Հայկասար համայնքն ունի հիսուն ծուխ՝ շուրջ 250 բնակչով: Նրանք հիմնականում զբաղվում են հողագործությամբ՝ հաղթահարելով բնական ու սոցիալական դժվարությունները: Դժվարությամբ ձեռք բերելով սերմացու եւ պարարտանյութ, հայկասարցին չի կարողանում հողից ստանալ համարժեք բերք, քանի որ գյուղում ոռոգման համակարգ էլ չկա, իսկ կլիմայական պայմաները ոչ բարենպաստ են եւ անձրեւ քիչ է գալիս: Այս ամենի հետեւանքով գյուղացին դժվարանում է սահմանված հարկերը վճարել:


Բարեկարգ չեն նաեւ գյուղի ճանապարհները: Այստեղ երկար տարիներից ի վեր ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվել: Գյուղում մեծ է նորակազմ ընտանիքների թիվը, սակայն շատերը ձգտում են հեռանալ գյուղից՝ առավել բարեկեցիկ կյանք փնտրելով Գյումրիում, Երեւանում կամ ավելի հեռու՝ երկրի սահմաններից դուրս: Իսկ դպրոցահասակ հայկասարցիներն էլ մինչ կհասկանան կյանքի այս դժվարությունները, այլ խնդիրների առջեւ են կանգնում գուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո:


Տեղի անմխիթար վիճակում գտնվող դպրոցը ունի երեսունյոթ աշակերտ եւ տեղակայված է գյուղապետարանի շենքում՝ մշակույթի տան հետ միասին: Դասասենյակները գտնվում են երկհարկանի շինության առաջին հարկում, իսկ մի քանի դասասենյակներ մուտքը դրսից է: Շինությունը չունի կենտրոնացված ջեռուցման համակարգ, իսկ նեղ դասասենյակներն ավելի շատ ճգնավորի խցեր են հիշեցնում: Գյուղացիները պատրաստ են դպրոցի բարեկարգման համար ներդրումներ անել, միայն թե բարերարների աջակցության կարիք են զգում, քանի որ սեփական միջոցները թույլ չեն տալիս ինքնուրույն հոգալ անհրաժեշտ ծախսերը:


Գյումրիի «Ցայգ» ՀԸ