ԱԼԱՎԵՐԴԻՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԻՑ ԿՍՏԱՆԱ 16 ՄԻԼԻՈՆ 500 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Ալավերդի քաղաքում առաջին գովազդային պաստառը հայտնվեց 2006թ.-ի հոկտեմբերին։ Դա «Արմենտել»-ի գովազդն էր, որը տեղադրվեց քաղաքի մուտքի մոտ։ Այնուհետեւ քաղաքով մեկ տարածվեցին «Վալեքս գրուպ» ընկերության պաստառները, որոնցում վետերանների, մարզիկների, աշխատավորների, երեխաների ու բնության տեսարանների լուսանկարներ էին։ Ալավերդցիներն այս նորամուծությանը դրական արձագանք տվեցին։ Այսօր արդեն եղածներին ավելացել են Յունիբանկի, դեկտեմբերի 20-ից էլ՝ «Վիվասել»-ի երկու մեծ գովազդային վահանակները։
Ընդհանուր հաշվով՝ Ալավերդու քաղաքապետարանում գրանցված է հինգ գովազդատու: Այս մասով ամսական եկամուտը համայնքային բյուջե կազմում է 230 հազար դրամ։ 2009թ. գովազդային պաստառներից բյուջեով սպասվող եկամուտը 16 միլիոն 500 հազար դրամ է կազմելու, որի 13 ու կես միլիոնը փոխանցելու է «էյ Սի Փի» ընկերությունը։ Վերջինս գովազդային վահանակներ ու պաստառներ տեղադրելու համար քաղաքապետարանից վարձակալել է 765 քմ տարածք։ Իսկ «Վիվասել» ընկերությունը երկու մեծ վահանակների համար ամսական 108 հազար դրամ է վճարում։
Ըստ քաղաքապետարանի հարկային բաժնի պետ Վահե Պարանյանի՝ երեք տարվա մեջ ամենաշատ գովազդատուներ գրանցվել են 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ թեկնածուներն ու կուսակցություններն իրենց համար մեկ ամիս ժամկետով գովազդային պաստառներ տեղադրելու թույլտվություն են ստացել։ Այս ընթացքում չի եղել ծխախոտի կամ ոգելից խմիչքների գովազդային վահանակների տեղադրման պատվեր։ Վահե Պարանյանը նշում է նաեւ, որ իրենց կողմից խիստ վերահսկողություն է իրականացվում լեզվի տեսչության եւ գովազդի մասին օրենքների պահպանման հետ կապված։ Եվ ըստ նրա` ի տարբերություն այլ համայնքների, Ալավերդիում այս առումով ամեն ինչ գրագետ է արվում։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ