ԳԱՐՆԱՆԸ ԲԱՐՁՐ ԿԱԹՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿՈՎԵՐ ԿՆԵՐԿՐՎԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Մայիսին Ավստրիայից Հայաստան է բերվելու բարձր կաթնատվությամբ 415 գլուխ երինջ: Հոշինյա, սիմենթալ եւ շվից ցեղատեսակի երինջների ներկրման համար Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 500 միլիոն դրամ: Այս շքեղությունը, սակայն, հասարակ գյուղացու համար չէ, քանի որ դրանց ոչ միայն ձեռքբերումն է թանկ, այլեւ խնամքը:
Շիրակի մարզում տարածված են հիմնականում կովկասյան գորշ եւ շվից ցեղատեսակի խոշոր եղջերավոր անասուններ: Սովորաբար կովերի սերնդային վերարտադրության համար ներկրվում են նոր ցեղատեսակներ: Դրանք կամ խաչասերվում են տեղական կովերի հետ՝ վերջիններիս կաթնատվությունը բարձրացնելու համար, կամ պահպանվում եւ բազմացվում է ազնիվ ցեղատեսակը: Իսկ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացից ի վեր կովերի վերարտադրությունն իրականացվել է գրեթե միայն տեղական ցեղատեսակներով, որոնք ցածր կաթնատվություն ունեն: Նրանց տված տարեկան 1500-ից 3500 լիտր կաթը չես համեմատի արտասահմանցի կովերի կաթնատվության չափի հետ, որը կազմում է տարեկան 6000-ից 8000 լիտր:
Նոր ցեղատեսակները ներկրվելով Հայաստան՝ վաճառքի միջոցով իրացվելու են հանրապետության տարբեր մարզերի ֆերմաներում: Թեեւ հասարակ գյուղացին եւս կցանկանար խաչասերել իր եղջերավոր անասունները, սակայն դա հասանելի է միայն քիչ թե շատ կայուն բիզնես ունեցող ֆերմերներին: Մեկ երինջի համար պահանջվող 3500 եվրոն անշուշտ գյուղացու համար հսկայական կարողություն է: Գյուղացու համար ոչ միայն ձեռք բերելն է դժվար, այլեւ նրա խնամքը:
Ազնիվ ցեղատեսակների խնամքի սկզբունքն այն է, որ կենդանիները մնում են ֆերմայի ներսում եւ դուրս չեն բերվում արածելու համար: Մեր կովերի ցածր կաթնատվությունը պայմանավորված է քայլելու ընթացքում շատ էներգիա ծախսելու հանգամանքով:
Ի դեպ եվրոյի փոխարժեքի տատանումից կախված՝ հնարավոր է Հայաստան ներկրվի 500 գլուխ կենդանի: Հայաստանի եւ Ավստրիայի համագործակցությունը գյուղատնտեսական ոլորտում սկսվել է 2007 թվականից եւ ծրագրվել է ամեն տարի որոշակի քանակությամբ անասնագլուխ ներմուծել: Ըստ կանխատեսումների` առաջիկա տարիներին Հայաստանի կովերը եւս աչքի կընկնեն բարձր կաթնատվությամբ եւ մսատվությամբ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ